Տնտեսական աճին չպետք է խաբվել․ ջրի բերածը ջուրն էլ կտանի․ Գագիկ Մինասյան
Այն տնտեսական ու ֆինանասական գործընթացները, որոնք զարգացել են 2018 թվականից հետո, հայկական ծագում չունեն։ Դրանք հիմնականում կապված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետ, առաջին հերքին ռուս-ուկրաինական հակամարտության հետ․ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ -ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Գագիկ Մինասյանը։
«Այն «ներարկումները», որոնք ունեցանք, մեր տնտեսության հետ կապ չուներ։ Հիմա ջրի բերածը, ջուրն էլ տանում է։ Մենք պետք է համակերպվենք այն իրողության հետ, որ այս տարիների ընթացքում տնտեսության իրական հատվածի զարգացման համար գործող իշխանությունը ոչինչ չի արել։ Մենք պետք է նաև ընկալենք, որ առաջիկայում տնտեսական աճին նպաստող գործընթացները դադարելուց հետո կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»,- ասել է Մինասյանը։
Խոսելով Հայաստանում գործող բանկային համակարգից՝ Մինասյանը նշել է, որ ի տարբերություն հետխորհրդային մյուս երկրների, Հայաստանը շատ ավելի զարգացած ու կազմակերպված է եղել։
«Երկրում գործող հակատրամաբանական, հակատնտեսագիտական ասպատակումների դեպքում էլ մեր բանկային համակարգը մնաց բարձր մակարդակի վրա, քանի որ 30 տարիների ընթացքում ամուր հիմքեր է ձեռք բերել»,- ընդգծել է Մինասյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին «Արդշինբանկ» բանկը հայտարարել է, որ ձեռք է բերել HSBC-Հայաստանը։ Լուրեր են շրջանառվում նաև «Ամերիաբանկի» բաժնետոմսերը Georgian bank-ին վաճառելու մասին։