25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չլինի Անկախության հռչակագիրը, գոյություն չի ունենա մեր Հանրապետությունը, կունենանք կազմավորում, որ չունի ինքնություն ու դեմք․ Չալաբյան

Չլինի Անկախության հռչակագիրը, գոյություն չի ունենա մեր Հանրապետությունը, կունենանք կազմավորում, որ չունի ինքնություն ու դեմք․ Չալաբյան

Մենք այսօր ապրում ենք մի իրականության պայմաններում, երբ գործող վարչակարգը անընդհատ սեփական պարտությունները արդարացնելու համար փորձում է, այսպես ասած, գտնել տարբեր տեսակ մեղավորներ, հիմա հերթական մեղավորը դարձել է Անկախության հռչակագիրը․ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նշենք, որ այս պահին ընթանում է «Հայաքվե»-ի համաժողովը։

«Սա աբսուրդ է, Անկախության հռչակագիրը մեր ծննդյան վկայականն է։ Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն ընդունվել է ՀՀ ամենաբազմակուսակցական, ամենաներկայացուցչական Գերագույն խորհուրդի կողմից, որում ներկայացված է եղել 12 քաղաքական ուժ, որոնք բոլորը միասին համատեղ աշխատել են Խորհրդային միության պայմաններում, որ ընդունեն անկախության հռչակագիրը, որպեսզի դրա մեջ հաստատագրեն մեր հիմնական համազգային նպատակները»,-նշել է Չալաբյանն ու հավելել, որ հռչակագիրը մեր Հանարապետության ծննդյան վկայականն է։

«Ըստ էության՝ եթե այն գոյություն չունենա, նշանակում է գոյություն չի ունենա մեր Հանրապետությունը, դրա փոխարեն կունենանք մի կազմավորում, որը չունի ինքնություն, դեմք և բացի դրանից այլևս ազգային չի, այլևս հայկական չի լինի։ Կկոչվի Հայաստանի Հանրապետություն, բայց այլևս հայկական չի լինի, ուստի մեր նպատակն է պաշտպանել մեր Անկախության հռչակագիրը, մեր ինքնիշխանությունը։ Բայց կարևոր է նաև, հստակ այլընտրանք առաջարկելը՝ այն աղետաբեր քաղաքական կուրսին, որն իրականացնում է գործող իշխանությունը»,-ասել է  Չալաբյանը։
 
Նրա խոսքով՝ իրենց այսօրվա համաժողովը ունի երկու նպատակ։ Նախ, ներկայացնել հռչակագրի կարևորությունը մեր իրավաքաղաքական օրակարգում, ցույց տալով՝ ինչով է կապված հռչակագիրը ազգային պետության և մեր տեսլականի հետ։ Երկրորդը, առաջիկա գործողությունների մասին է, որոնք պետք է իրագործել այս իշխանությանը հեռացնելու դեպքում։
«Պետք է կարողանանք վերականգնել մեր ինքնիշխանությունը, մեր պետության գոյության արժանապատիվ իրավունքը»,-եզրափակել է Ավետիք Չալաբյանը։