Ավարտվել են Միրզոյան-Բայրամով բանակցությունները․ ԱԳՆ-ն հայտնել է՝ ինչ է քննարկվել
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
Նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։ Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։