22 Դեկ
2024
-2.1° c ԵՐԵՎԱՆ
-2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գործող իշխանության հեռացումն ընդամենը նախապայման է, ոչ թե նպատակ. Genesis Armenia

Գործող իշխանության հեռացումն ընդամենը նախապայման է, ոչ թե նպատակ. Genesis Armenia

Քաղաքական աշխարհը գնում է ռազմատնտեսական և անվտանգային գոտիների վերաբաժանման: Եվրասիա, Մերձավոր Արևելք, Հարավային Կովկաս, առաջիկայում չի բացառվում նաև՝ Կենտրոն-Միջին Ասիա:

Հայաստանի շուրջ ստեղծված պայթյունավտանգ վիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալու հնարավորությունները չափելի չեն։ Գործող իշխանության անկարողությունը, որոշումների ընդունման համաշխարհային և ռեգիոնալ կենտրոնների հետ արկածախնդիր դիվանագիտական քայլերը, պոտենցիալ դաշնակիցներին սադրելու կործանարար քայլերը վիճարկելի են դարձրել Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության ապահովման հնարավորությունը:

Թվացյալ ինքնիշխանության կրճոնների պահպանման շղարշի տակ՝ հայաստանակործան այս իշխանությունը գնում է ռազմավարական կենսունակ շահեր ունեցող երկու հզոր կենտրոնների ուղիղ առճակատման, որի հետևանքը լինելու է՝ Թեհրանի և Մոսկվայի չմիջամտությունը ադրբեջանական հերթական ագրեսիային կամ սանձազերծած պատերազմին: Ավելին՝ առերևույթ կեղծ պայքար տանելով Հայաստանի գուբեռնացման թեզի դեմ, փաշինյանական իշխանությունն իր տկարամիտ և գավառական մոտեցումներով՝ Հայաստանը դարձնելու է ակամա գուբեռնիա:

Իշխանությունը բացառել է պետության արտաքին և անվտանգային քաղաքականության այս ծանրագույն մարտահրավերների օբյեկտիվ գնահատումը, վերլուծումն ու ելքերի որոնումը հավաքական և համախոհական մոտեցումներով լուծելու ողջամիտ տարբերակը, փոխարենը՝ պետության լինելիության հարցը կապել է մեկ անձի հետ, որի կամայականություններից էլ կախված է բոլորիս ճակատագիրը: Ռեպրեսիաները, համակարգերի կազմաքանդումը, պետության անվտանգության, սահմանների ու պաշտպանական քաղաքականության անփույթ և մակերեսային մոտեցումները, հետևողական մտքի տեռորը, կեղծ օրակարգերի գեներացումն ու տարածումը՝ հուսահատության, հանձվողական տրամադրությունների և հերթական սոսկալի աղետին սպասելու մեծ ալիք է առաջացրել:

Հայրենիք-պետություն հասկացութենական հակադրություններ, Արցախի հանձնման պատասխանատուներ, գործող իշխանության իրական տերեր, հակակոռուպցիոն դատավարություններ։ Ներհայաստանյան քաղաքական խոսույթը ողողած այս արհեստածին թեզերի կենսունակությունը հետապնդում է մեկ նպատակ՝ շեղել մարդկանց ուշադրությունը գոյութենական խնդիրներից, որոնք ստեղծվել են հայադավ այս իշխանության կործանարար քաղաքականության հետևանքով:

Մտահոգիչը, սակայն, ոչ այնքան պատերազմական անխուսափելի գործողությունների վերսկսման հավանականությունն է, այլ՝ ժամկետի անորոշությունը։ Անկախ փաստից՝ ինչ բովանդակության բանակցություն են վարում կամ դրա իմիտացիայով են զբաղված՝ Երևանն ու Բաքուն՝ Մյունխենում, Փարիզում, թե այլուր, Արցախի հայաթափման համակարգված օպերացիան չերաշխավորեց և դեռ երկար չի երաշխավորելու Սյունիքի անվտանգությունը, որը դարձել է կռվախնձոր՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների համար: Ավելորդ է խոսել կայուն և տնտեսապես բարեկեցիկ տարածաշրջան ձևավորելու՝ կամ որ նույնն է՝ «խաղաղության խաչմերուկի» տեսլականն իրականություն դարձնելու հնարավորության մասին, որն ավելի շատ միֆ է՝ թշնամական քաղաքականություն վարող պետություններով շրջապատված լինելու պայմաններում։ Հայաստանի իշխանությունը պետությունը ներքաշել է գեոպոլիտիկ արկածախնդրության դաշտ, որի չհաշվարկված հետևանքները ճակատագրական են լինելու հայկական պետության համար:

Հնարավո՞ր է խուսափել պատերազմից՝ ակնհայտորեն այո, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դրա գինը լինելու է՝ Հայաստանի հերթական տարածքների անարժանապատիվ և միակողմանի զիջումը, ինչը բնորոշ է իշխող խունտայի հոգեմտավոր խառնվածքին և գործելաոճին։ Արժեզրկված ինքնիշխանության մասին կուրծք ծեծող այս իշխանությունն անգամ ընդունել է փաստը, որ իր վարած արտաքին քաղաքականությունը չի երաշխավորում ռեէսկալացիան, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ապաշնորհ կառավարման 6 տարում՝ հայությունն ու Հայաստանը երկրորդ անգամ կանգնած են Ադրբեջանի հետ նոր պատերազմի իրական սպառնալիքի առաջ։ Ռազմաքաղաքական ապազգային ղեկավարության հրամանատարությամբ, ավելի կոնկրետ՝ փաշինյանական իշխանության հետ, հնարավոր չէ և ընդհանրապես՝ չի կարելի գնալ պատերազմի՝ խուսափելով հերթական ցավալի զիջումներից։ Խնդիրը հայկական բանակի և թերի, անկազմակերպ աշխարհազորի կարողականությունը, նվիրվածությունը կամ մարտական ոգու բարձր կամ ոչ պատշաճ լինելը չէ, այլ հանձնվողական քաղաքականությունը պաշտոնավարման երաշխիք դիտարկող այս իշխանության անկարողությունն է՝ ամեն ինչ զիջել, որպեսզի թշնամին չագրեսիվանա։ Սա ինքնին նշանակում է՝ հրաժարվել ռեգիոնում ավանդական գործընկեր կամ դաշնակից պետությունների օգնությունից, հրաժարվել հայկական ինքնության առանցքային բաղադրիչներից՝ պատմությունից մինչև սիմվոլիզմ և ռացիոնալ քաղաքական պահանջատիրություն:

Հայկական պետություն՝ ավելի ողջամիտ սահմաններով. սա այն է, ինչ իշխանությունը փորձում է հրամցնել ժողովրդին՝ որպես գոյությունը պահպանելու միջազգային կոնսենսուս։ Սեղանին դրված առաջարկի էությունը հետևյալն է՝ Հայաստան պետության գոյությունը պայմանավորված է միջազգային դերակատարների, ընդհուպ՝ դաշնակցի համբավ ունեցողների քաղաքական հաշվարկներով, այնինչ այդ նույն հայկական պետության սահմանների ճշգրտումը, պետականության շարունակականությունն ու դրա կարևորագույն բաղադրիչի՝ ինքնիշխանության պահպանումը պայմանավորված է՝ կարգապահ պետական համակարգի և նպատակային էլիտանելի վճռականությամբ՝ մոբիլիզացնել ազգային և պետական կարողությունները, հնարավորություններն ու ռեսուրսները՝ գիտամտավոր թե նյութական։

Գործող իշխանության հեռացումն ընդամենը նախաքայլ է, նախապայման, բայց ոչ նպատակ: