Փաշինյանն այնքան պարտվողական փաստաթուղթ է ստորագրել, որ եթե հավաքես, կապիտուլյացիոն թղթերի մեծ թղթապանակ կստացվի․ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հիշեցնեց Փաշինյանի այն ձայնագրությունը, որտեղ վերջինս ասում էր, որ Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևն իրեն ասել են՝ Ալիևը գիտակցում է՝ Արցախը երբեք ադրբեջանական չի լինելու։
«Փաշինյանը համակերպվել է այն փաստի հետ, որ ինքն ազգակործան պատուհաս է, չի նեղանում դավաճան բառից, բայց պարզվում է՝ նեղանում է արհավիրք բառից։ Այսուհետ ես նրան այդպես կդիմեմ։ Ինքը սկզբից խոսեց այն մասին, որ չկա ինստիտուցիոնալ բազա փաստաթղթային – բանակցային գործընթացի մասին։ Նախ՝ կար, ուղղակի ինքն ու իր թիմը չունեն կարդալու ունակություն։ Ինքն ասում է, որ մեծ թղթապանակ է թողնելու հաջորդ իշխանություներին, նա այնքան պարտվողական թուղթ է ստորագրել, որ եթե այդ կապիտուլյացիոն թղթերը հավաքես, մեծ թղթապանակ կդառնա։ Ուզում եմ հիշեցնել, որ ինքը հայտարարել է, որ բանկացությունները սկսում է զրոյական կետից, ի՞նչ հեքիաթներ է պատմում նախորդի մասին։ Խնդիրն այն է, որ ինքը այդ խնդիրներն էլ է սուտ պատմում։ Ինքը ստացել է Սանկտ Պետերբուրգի ու Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման գծում մշտադիտարմանը և հայ զինվորի կյանքեր էին փրկելու։
2018 թվականին Փաշինյան–Ալիև գաղտնի պայմանավորվածությունների կետրից մեկը, հավանաբար, եղել է այդ պայմանավորվածությունների չեղարկումը, որովհետև 2 տարի շարունակ հայկական կողմը հրապարակային որևէ բան չէր խոսում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորածությունների մասին։ Առաջին հիշաակումն այն ժամանակվա նախարարն արեց 2019 թ․–ի դեկտեմբերին»,- նշել է Մամիջանյանը։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության հնարավոր թեկնածու դառնալու վերաբերյալ հարցին նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի բալանսավորված՝ այնպիսին, ինչպիսին եղել է:
«Ես պատիվ ունեմ ներկայացնելու մի քաղաքական միավոր, որը պատասխանատվություն է կրում Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման մեծ մասի համար»,- ասել է Մամիջանյանը:
Նա հավելեց, որ Փաշինյանը «հերոսաբար» այնպես է արել, որ արևելքում արևը ծագի ու ինքը պատրաստ է բանակցել բոլոր այն մարդկանց հետ , ովքեր համարում են արևը արևելքում է ծագում։
«Յուրաքանչյուրը դաշնակցային հարաբերություն, յուրաքանչյուր գործընկերային հարաբերություն պետք է ծառայի Հայաստանի շահին: Անվտանգություն պետք է որոնես այնտեղ, որտեղ անվտանգություն գեներացնող են, ոչ թե սպառող, տնտեսական զարգացում պետք է որոնես այնտեղ, որտեղ դու մրցունակ ես։ Յուրաքանչյուր գործընկերոջից կամ դաշնակցից պետք է պայմանագրային, գործընկերային, դաշնակցային հիմունքներով կարողանաս ստանալ իմ նշածներից յուրաքանչյուրը քո երկրի համար։ Երբևէ չեմ հանդուրժի, որ հայրենիքը դառնա աշխարհաքաղաքական հաշիվ պարզելու վայր»,-ասել է Մամիջանյանը, և հավելել, որ օրենքի գերակայություն, անկախ դատական համակարգ, ժողովրդավարություն պետք է որոնես այնտեղ, որտեղ դա լավ է զարգացած։