Առաջարկված գումարով բնակարան գնել հնարավոր չէ․ արցախահայերն ակցիա են անում
Արցախցիները բողոքի ակցիա են անում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոտ․ դեմ են ՀՀ կառավարության կողմից բնակարանային հարցերի հետ կապված ծրագրերին։
Նշում են, որ սահմանված գումարով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել ո՛չ Երևանում, ո՛չ մարզերում։
Ինչպես ակցիայի մասնակիցներից Հադրութի բնակիչ Արթուր Ստեփանյանն է նշում, Կառավարութունից մի քանի անգամ հանդիպել են Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց գաղտնի։
«Թաքուն են հանդիպում, թաքուն քննարկումներ են իրականացնում, որոնք նախորդ անգամ Պետրոս Ղազարյանի մոտ ներկայացրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Եթե նման ձևով պետք է մեր բնակարանային հարցերը լուծեն, ապա պետք չի»,-ասաց նա։
Արցախցիները փորձել են առաջարկներով հանդես գալ, բայց ինչպես իրենք են պնդում իրենց առաջարկները ՀՀ Կառավարության կողմից չեն ընդունվում։
«Մենք առաջարկել ենք ՀՀ մարզերից մեկում մեզ տարածք հատկացնեն, համայնք սարքեն, մենք գնանք մեր համայնքի կազմով ապրենք»,-նշեց Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նշում են՝ բնակարանային խնդիրների լուծման համար առաջարկում են 3 մլն դրամ, որը պիտի հետ վերադարձնեն։
Կառավարության հրավիրած խորհրդակցության մասնակիցներից մեկի խոսքով՝ արցախցիների համար դժվար է այդ պայմաններով բնակարաններ ձեռք բերելը։
«Հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը բարձրացնենք, որ հարցին այլ լուծում տան։ Խնդիրներից մյուսն էլ այն է, որ թոշակառուներին 20000-ական դրամներ են տալիս, որը խելքին մոտ չէ»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները նշում են՝ ծրագիրը արցախցիների բնակարանների ապահովմանը նպաստելու փոխարեն ու նպաստելու է արտագաղթի։
«Բայց մենք ցանկություն չունենք արտագաղթելու, մենք ցանկություն ունենք ապրելու Հայաստանի Հանրապետությունում և մտադիր ենք համապատասխան պայմաններ ստեղծել Հայաստանում, բայց եթե մենք կոմպակտ չապրենք այստեղ խնդիր կլինի»,-ասաց նա։