29 Նոյ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
3.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
32 տարի առաջ ՀՀ-ն դարձավ ՄԱԿ անդամ

32 տարի առաջ ՀՀ-ն դարձավ ՄԱԿ անդամ

1992 թվականի մարտի 2-ին Հայաստանը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ։

Նյու Յորքում հանդիսավոր արարողությանը Հայաստանը ներկայացրել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Նյու Յորքի Առաջին պողոտան լի էր մարդկանցով, որոնք ցանկանում էին ականատես լինել կարճ արարողությանը, որ պետք է տեղի ունենար ՄԱԿ-ի շենքի մոտ և տեսնել, թե ինչպես են Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ինչպես նաև Սան Մարինոն դառնում մեծ ընտանիքի անդամներ: Վրաստանը պետք է անդամակցեր հուլիսին, Ռուսաստանը, Բելառուսը և Ուկրաինան, ինչպես նաև Բալթյան երկրները, արդեն անդամներ էին:

Նորանկախ պետության արտաքին գործերի նախարարները բանաձևն ընդունվելուց հետո հանդես էին գալիս ելույթով:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթն սկսեց հայերեն: Հետո արագ անցավ անգլերենի, սակայն դա էլ էր բավարար: Այդ օրը տեղի ունեցավ երկու պատմական իրադարձություն՝ առաջինը՝ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի լիիրավ անդամ, և երկրորդը՝ թեև ոչ շատ երկար, սակայն աշխարհի այս ամենաներկայացուցչական կազմակերպության պատերի ներքո հնչեց հայերենը»,- այս մասին գրել է ՀՀ նախկին Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` «Անկախության ճանապարհով» հուշագրությունների գրքում։

1992 թվականի մարտի 2-ից սկսած Հայաստանը տարբեր մակարդակներով հանդիպումներ է ունենում ՄԱԿ ներկայացուցիչների հետ, մասնակցում Անվտանգության խորհուրդներին, համաժողովներին։

 

2013 թվականի մարտի 2-ից Հայաստանում նշվում է որպես Դիվանագետի օր։