Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցերը ներառված են ՄԻՊ-ի և ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպման օրակարգում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում մարտի 5-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ․ այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը ներկայացրել է Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձ կատարել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։
Հանդիպման ընթացքում, Անահիտ Մանասյանն անդրադարձ է կատարել կանանց իրավունքների պաշտպանությանը, ընտանեկան բռնության կանխարգելմանը, Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությանը, կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության ծրագրի իրականացման մանրամասներին, այդ թվում՝ Օվիեդոյի կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացնելու հարցին:
Պաշտպանը ներկայացրել է խտրականության, անհանդուրժողականության, ատելության խոսքի դեմ պայքարի, հավաքների ազատության իրավունքի և մի շարք այլ ոլորտներում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները: