26 Նոյ
2024
6.2° c ԵՐԵՎԱՆ
2.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բրիտանացի պատգամավորը Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Բրիտանացի պատգամավորը Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը համեմատել է Հայոց ցեղասպանության հետ

Միացյալ Թագավորության խորհրդարանում քննարկում է անցկացվել «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քննարկման ընթացքում պատգամավոր Քարոլ Մոնագանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական գործողությունները ցույց են տալիս, որ հակամարտության ավարտը մոտ չէ:

«Թեև նրանք վերջերս բանակցություններ են վարել խաղաղության համաձայնագրի շուրջ, լարվածությունը մնում է բարձր, և եթե խաղաղություն լինի, դա, անշուշտ, փխրուն է: Անցյալ տարի մեզանից ոմանք  Վեսթմինսթերյան դահլիճում բարձրաձայնեցին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ մատակարարման հիմնական ուղին՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին: Այն ժամանակ, մի քանի հարգարժան անդամները ընդգծեցին սովի և հումանիտար աղետի հավանականությունը»,- ասել է Մոնագանը։

Պատգամավորը նշել է, որ այն արդյունքը, որից ամենից շատն էին վախենում, իրականացավ անցյալ տարվա սեպտեմբերին, երբ իննամսյա շրջափակումից հետո ադրբեջանական զինուժը արտաքսեց հայ բնակչությանը:

«Քանի որ Հայաստանը 3 միլիոն բնակչությամբ փոքր երկիր է, Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 փախստականների, ինչպես նաև 2020 թվականին պատերազմից հետո ևս 40,000 փախստականների ժամանումը ՀՀ էական ազդեցություն է ունեցել վերջինիս վրա»,- նշել է բրիտանացի պատգամավորը։

Պատգամավորը հավելել է, որ անցյալ ամիս Հայաստան այցելած Միջխորհրդարանական միության պատվիրակության անդամ էր։

«Մենք հանդիպեցինք Լեռնային Ղարաբաղից մի խումբ փախստականների, ովքեր սարսափելի մանրամասներ նկարագրեցին շրջափակման և նրանց վերջնական վտարման վերաբերյալ: Նրանք նկարագրում էին, որ այսպես կոչված ռուս խաղաղապահներն արտոնյալ կարգավիճակով մեկնում էին Հայաստան, որի հնարավորությունը տեղի բնակչությունը չուներ, և ապրանքներ էին գնում միայն սովամահ եղած ժողովրդին զանգվածաբար ուռճացված գներով վերավաճառելու համար: Նրանք նկարագրել են բժշկական պարագաներ, վառելիք և նույնիսկ ջուր ձեռք բերելու դժվարությունը: Նրանք նկարագրեցին այն քաոսը, երբ մարդիկ փորձում էին գտնել իրենց սիրելիներին, ինչպես նաև այն մարդկանց տառապանքները, ովքեր լքում էին իրենց տունը միայն հագուստները հագին։ Փախստականներից շատերն այժմ մնում են ընտանիքի անդամների հետ սահմանամերձ քաղաքներում և Ջերմուկում և շրջակայքում, սակայն յուրաքանչյուր հայկական քաղաք տուժել է փախստականների հոսքից»,- հավելել է Մոնագանը։

Խորհրդարանականի խոսքով՝միջազգային մարդասիրական իրավունքը կարող է խախտվել առանց հետևանքների և ստեղծում է ապագա ադրբեջանական ներխուժման վտանգը Հայաստան, օրինակ՝ դեպի Նախիջևան տանող ճանապարհն ապահովելու համար:

«Շատերի համար ժողովրդի այս էթնիկ զտումը հիշեցնում է 1915-ից 1923 թվականների Հայոց ցեղասպանությունը: Հատկանշական է, որ մոտ 34 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Կանադան և Ֆրանսիան, ճանաչել են պատմական ցեղասպանությունը, Մեծ Բրիտանիան չի արել դա: Հերքելով պատմական ոճրագործության պաշտոնական ճանաչումը՝ Միացյալ Թագավորության կառավարությունը շարունակում է ապալեգիտիմացնել հայ համայնքի կրած հավաքական ցավը»,- ասել է Մոնագանը: