26 Նոյ
2024
8.3° c ԵՐԵՎԱՆ
2.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինայի դեպքում ասում ենք՝ ինքնորոշումը ճիշտ է, ինչու Արցախի դեպքում չենք կիրառում նույն սկզբունքը․ բրիտանացի պատգամավոր

Ուկրաինայի դեպքում ասում ենք՝ ինքնորոշումը ճիշտ է, ինչու Արցախի դեպքում չենք կիրառում նույն սկզբունքը․ բրիտանացի պատգամավոր

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ռուպա Հաքը հայտարարել է, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարդ է՝ շեշտելով, որ այս տարածաշրջանում ժողովրդավարական Հայաստանն ունի թշնամական հարևան՝ ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով ու հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հաքն այդ մասին խոսել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկմանը։

 

«Տարածաշրջանում բարդ իրավիճակ է: Մենք այստեղ խոսում ենք եվրոպական մերձավոր հարևանի ժողովրդավարության մասին, որը թշնամական հարևան  ունի ի դեմս Ադրբեջանի՝ իր ագրեսիաներով և հայերի դեմ էթնիկ դրդապատճառներով հանցագործություններով: Թվերը մռայլ են՝ 10 ամիս շարունակ սննդամթերքի, վառելիքի և էլեկտրաէներգիայի ապօրինի շրջափակմամբ և 100,000 մարդու հարկադիր տեղահանմամբ: Իմ հետաքրքրությունն այս հարցում գալիս է իմ ընտրողներից։ Մենք ունենք կենսունակ և զգալի բազմաշերտ հայկական համայնք, ինչն ընդգծում է, որ սա մի երկիր է, որը երկար տարիներ ենթարկվել է ջարդերի և ցեղասպանությունների»,- ասել է Հաքը:

 

Նա հավելել է, որ ցանկանում է ճնշում գործադրել ՄԹ կառավարության վրա, որպեսզի օգնություն տրամադրվի Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտման հետևանքով Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց։

 

«Կարո՞ղ է լինել Լեռնային Ղարաբաղից փախստականների համար «Տներ Ուկրաինայի համար» տիպի սխեման: Ի վերջո, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ իր հողը, այն վայրերը, որտեղ ապրել է հազարամյակներ շարունակ, թեև մենք տեսնում ենք Արցախի նման տարածքները քարտեզից ջնջելու փորձեր։ Թեև աշխարհի աչքերը կարող են այլ տեղ լինել, մենք պետք է հետևողական լինենք մեր սկզբունքներում: Ուկրաինայի վերաբերյալ մենք ասում ենք, որ ինքնորոշումը ճիշտ է, իսկ կործանումը սխալ է, ուրեմն ինչո՞ւ չենք կարող այստեղ հետևողականորեն կիրառել նույն սկզբունքները»,- եզրափակել է Հաքը: