17 Նոյ
2024
7.3° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ամեն ինչում հայերն են մեղավոր» թեզն առաջ տանող Ադրբեջանն անգամ Կրոկուսի ահաբեկչության մեջ է հայերին մեղադրում

«Ամեն ինչում հայերն են մեղավոր» թեզն առաջ տանող Ադրբեջանն անգամ Կրոկուսի ահաբեկչության մեջ է հայերին մեղադրում

Մարտի 23-ին Մոսկվայում տեղի ունեցած ողբերգալի իրադարձության մեջ Ադրբեջանի ղեկավարությունը պետական լրատվականների ձեռամբ մեղադրեց հայերին։ Մի շարք ադրբեջանական պարբերականներ նշում են, որ ողբերգությունը հայ համայնքի ղեկավարների և Հայաստանի կողմից կազմակերպված սադրանք է ադրբեջանցիների դեմ. «Բացարձակ պատահական չէ, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել ադրբեջանցի գործարարների ընտանիքին` Աղալարովներին, պատկանող համերգասրահում, և նաև այն, որ շատ ադրբեջանցիներ այդ օրը գնացել էին Կրոկուս` տոնելու Նովրուզը…»:

Հայկական ռազմամարզական կառույցները, մասնավորապես` ՈՄԱ-ն, նույնպես անմասն չեն մնացել մեղադրանքներից. ցնդաբանությունը հասել է այն մակարդակին, որ ադրբեջանական պետական մեդիան նշում է, թե ահաբեկչության ժամանակ կիրառվել են այն զենքերը, որոնք վաղուց դուրս են եկել շրջանառությունից և օգտագործվում են միայն ՈՄԱ-ի պարապմունքների ժամանակ, հետևապես, հավանականությունը մեծ է` հայերն են մարզել ահաբեկիչներին:

Ադրբեջանի վարչակարգի ուղիղ հրահանգներով աշխատող լրատվականներն իրենց հասարակության ուշադրությունն են հրավիրում նաև այն «հանգամանքի» վրա, որ տեղի ունեցածը «մեսիջ» է Ադրբեջան պետությանը:

Թշնամու այս քայլի դրդապատճառներին և տրամաբանական շարունակությանն ու վտանգներին անդրադառնանք հերթով:

Առաջին. քայլն ունի նպատակ՝ հնարավորինս խորացնելու ճգնաժամը հայ-ռուսական հարաբերություններում. այո՛, Ռուսաստանում քաջ գիտակցում են կամ, առնվազն, շատ շուտով կգիտակցեն, որ հեռանկարային ստի այս մեծ ալիքն ուղղակի Ադրբեջանի կառավարիչների ձեռագրին համահունչ հերթական քայլն էր, բայց, ցավոք, գերզգացմունքային ու գերլարված իրադրություններում, թեկուզ և, ստի, բայց տեղեկատվական ալիքը, միևնույն է, ազդում է նույնիսկ ամենափորձառու պետական գործիչների վրա, էլ չխոսենք հասարակության մասին:

Երկրորդ. շուրջ երկու ամիս առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած դեպքից հետո մի քանի անգամ նշեցինք, որ ադրբեջանցիները ոչ երկար ժամանակի ընթացքում մի քանի հարձակում են ձեռնարկելու, բնականաբար, մեղքը բարդելու են հայկական կողմի վրա` յուրաքանչյուր անգամ, ինչպես Ներքին Հանդի պարագայում եղավ, ասելով, որ «հայերը մեր սահմաններին տեղակայում են ահաբեկչական խմբավորումներ»: Սրա շարունակությունը  կարող է լինել հետևյալը։ Կասեն՝ «մեր «պայմանական» սահմաններին առկա է ահաբեկչության վտանգ. անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել «հակաահաբեկչական» լայնածավալ գործողություն»:

Այսպես, երկու օր առաջ տեղի ունեցած սարս,ռազդու դեպքից հետո ժամերի ընթացքում կողմնորոշվելով` ադրբեջանական կողմը որոշում է օգտագործել մարդկանց սուգը որպես միջոց` «ապացուցելու», որ հայերը ակտիվ կիրառում են ստեղծված ու թրծված ահաբեկչական խմբավորումները, և որ ընդհանրապես հայերն արդեն սպառնալիք են աշխարհի համար:

Իսկ իրական ահաբեկիչները` հային գլխատելու դիմաց պարգևատրում խոստացող Ադրբեջանի ղեկավարները, հաջորդ սադրանքը մեր սահմաններին իրականացնելուց թե՛ առաջ և թե՛ հետո հայտարարելու են, որ մանավանդ Մոսկվայի դեպքից հետո իրենց կասկածներն է՛լ ավելի հիմնավոր են դարձել, բացի այդ` ժամանակի ընթացքում իրենք ձեռք են բերել «հավաստի տվյալներ» առ այն, որ հայերը որդեգրել են իրենց երկիրն ու իրենց ազգաբնակչությանն անընդմեջ ահաբեկչության ենթարկելու քաղաքականությունը: Ավելի՛ն, այս թեզը լինելու է մյուս պատերազմի ադրբեջանական արդարացումների անկյունաքարերից մեկը:

Ուշագրավ է այն, որ հայերին կրոնական ու ազգային հողի վրա ահաբեկչություն կազմակերպելու մեջ մեղադրում են այն իշխանությունները, որ իրենց իսկ կրոնը պարբերաբար օգտագործում են մեր խաղաղ բնակչությանը ահաբեկելու համար, ինչը ի դեպ, միջազգային իրավունքի համաձայն` ցեղասպանության տարր է պարունակում: Իսկ մեղադրանքը հնչեցնում են այն լրատվականները, որոնք օրական մի քանի անգամ հիշեցնում են իրենց ազգաբնակչությանը, որ պետք է պատրաստվեն «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին:

Պատահական չէ, որ իրական ահաբեկիչները մեզ են մեղադրում սրանում, քանզի անմեղ մարդկանց գնդակահարելու, քառատելու ունակ են իրե՛նք ու շատ լավ, առարկայապես պատկերցնում են, թե ինչպես է դա արվում: «Մենք հպարտ ենք, որ նոր սերունդը մեծանում է թշնամու նկատմամբ ատելությամբ». Ալիևի խոսքերն են:

Արամ Փոլադյան