23 Դեկ
2024
1.3° c ԵՐԵՎԱՆ
6.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՀ ղեկավարին և ԱՄՆ պետքարտուղարին կոչ են անում ապահովել ՀՀ-ի անվտանգությունը

Եվրախորհրդարանի պատգամավորները ԵՀ ղեկավարին և ԱՄՆ պետքարտուղարին կոչ են անում ապահովել ՀՀ-ի անվտանգությունը

Եվրախորհրդարանի տարբեր խմբակցությունների 24 պատգամավորներ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ են արել ապահովել Հայաստանի անվտանգությունը։

«Այն պահին, երբ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները հայտնում են իրենց աջակցությունը Երևանին, մենք՝ 24 եվրոպացի պատգամավորներ, խնդրում ենք Ուրսուլա ֆոն դեր Լյայենին և Էնթոնի Բլինքենին ապահովել Հայաստանի անվտանգությունը, որին սպառնում է Ադրբեջանը»,- գրել է Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերի ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն (Ֆրանսիա) X սոցցանցում։

«Մենք ողջունում ենք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը, որը սկիզբ դրեց Եվրամիության և ԱՄՆ կոնկրետ ներգրավվածությանը Հայաստանի, նրա դեմոկրատիայի, անվտանգության և տարածքային ամբողջականության աջակցությանը»,- նշվել է նամակում։

Փաստաթղթում ասված է, որ միջազգային հանրությունը պասիվ հետևել է Ղարաբաղի պատերազմին 2020թ., Ադրբեջանի դաժանությանը Ղարաբաղի նկատմամբ և Հայաստանի տարածքի մի մասի փաստացի օկուպացմանն Ադրբեջանի կողմից։

«Ադրբեջանը չի դադարում ռազմաշունչ հռետորաբանություն օգտագործել Հայաստանի հանդեպ՝ նրան մեղադրելով թվացյալ սադրանքներում։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը պատրվակ է փնտրում Հայաստանին պատժելու համար դեպի Եվրոպա իր կողմնորոշման համար։ Մենք չենք կարող անտարբեր մնալ դեմոկրատիայի սպառնալիքներին և համոզված ենք, որ Հայաստանը հարևանների հետ խաղաղ ապրելուց և իր սեփական ուղին ընտրելուց բացի այլ բան չի փնտրում»,- նշված է նամակում։

Եվրախորհրդարանի պատգամավորները ֆոն դեր Լյայենին և Բլինքենին կոչ են արել հասարակ ժեստ անել՝ գնալ Հայաստան և հավաստիացնել հայ ժողովրդին, որ նա միայնակ չէ գոյատևելու և ազատության համար իր պայքարում։