Բռնի տեղահանված արցախցիների տան հարցը լուծելու համար նախատեսվում է 3-5 միլիոն դրամ
Սոցիալական բնակարաններ կտրամադրվեն Արցախից բռնի տեղահանված այն անձանց, ովքեր օբյեկտիվորեն հնարավորություն չեն ունենա օգտվել բնակարաններ գնելու կամ կառուցելու ծրագրային աջակցությունից։ Այսօր Ազգային ժողովում կառավարության 2023 թվականի կատարողականի ներկայացման ժամանակ հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նա ներկայացրել է աջակցության այն ծրագրերը, որոնք նախորդ տարվա հոկտեմբերից մշակվել և իրականացվել են Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։
Նրա խոսքով՝ 2024 թվականի մարտի 31-ի դրությամբ՝ 100 հազարական դրամների աջակցության ծրագրից օգտվել է 113400 մարդ, իսկ ծրագրի բյուջեն կազմել է 11 միլիարդ 400 միլիոն դրամ։ «40+10 հազարական դրամ» աջակցության ծրագրի 6 ամիսների բյուջեն կազմել է 30 միլիարդ դրամ։
«Շուտով կառավարությունը կհաստատի Արցախի բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանային աջակցության երկարաժամկետ ծրագիրը, որը բռնի տեղահանվածների համար նախատեսում է 3-5 միլիոն դրամի աջակցություն՝ տուն գնելու կամ կառուցելու նպատակով։ Աջակցության շահառու կլինեն մեր այն հայրենակիցները, ովքեր Հայաստանում կհաստատեն երկարատև բնակություն։ Որպես չափորոշիչ կսահմանվի ՀՀ քաղաքացի դառնալու հանգամանքը,-հայտնել է Խաչատրյանը։
Մեկ մարդու հաշվով 3 մլն դրամ կլինի աջակցության նվազագույն չափը, իսկ եթե շահառու ընտանիքը որոշի բնակարան գնել կամ կառուցել կառավարության կողմից որոշված բնակավայրերում, մեկ մարդու հաշվով աջակցությունը կավելանա մինչև 4 կամ 5 միլիոն դրամ։
«Այց ցանկում ընդգրկվելու են մարզային այն բնակավայրերը, որտեղ կառավարությունն իրականացնում է սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումներ՝ որակյալ կրթական, առողջապահական և այլ անհրաժեշտ ծառայություններ ապահովելու նպատակով»,- նշել է Խաչատրյանը։
Գումարի մի մասը շահառուները կարող են օգտագործել հողամասի գնման, տունը վերանորոգելու, գույք ձեռք բերելու համար և այլն։ Այն ընտանիքները, ովքեր նշված բնակարաններում կբնակվեն 10 տարի, կստանան իրենց բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք։
Փոխվարչապետը հիշեցրել է, որ ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով։ Առաջին տարում աջակցություն կստանան այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 և ավելի անչափահաս երեխաներ, կամ եթե ընտանիքում կա առնվազն 1 անչափահաս երեխա և միաժամանակ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ։ Երկրորդ փուլում աջակցություն կստանան 2 անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքները, և այսպես շարունակ։