20 Նոյ
2024
14.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը տեղափոխել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ կառավարության ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը տեղափոխել է աշխարհաքաղաքական բախումների դաշտ․ Տիգրան Աբրահամյան

Գործող իշխանության այն մոտեցումը, որ եթե Տավուշի գյուղերը չհանձնենք, պատերազմ կվերսկսվի, բավարար է քաղաքական և մասնագիտական գնահատական տալու ոչ միայն կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների, այլ կառավարության անվտանգության ու արտաքին քաղաքականության վերաբերյալ իրականացրած մոտեցումներին․ ԱԺ նիստին ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Անվստահությունը երկրի անվտանգային համակարգի նկատմամբ և միջազգային զսպման գործիքների բացակայությունը բնորոշում է մեր երկրի իրական վիճակը բոլոր հարթություններում։ 2023 թվականին Արցախի հայաթափմամբ ու բռնազավթմամբ Հայաստանը զրկվեց իր հիմնական զրահաբաճկոնից ու անվտանգային նոր սպառնալիքները տեղափոխվեցին ՀՀ սահման, որը իր արտացոլումն է ստանում առաջնագծի տարբեր ուղղություններով»,- ասել է Աբրահամյանը։

Ինչ վերաբերում է միջազգային ու տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններին, ապա ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակի իջեցումը, ՀԱՊԿ-ի հետ գործնականում ակտիվության սառեցումը Աբրահամյանը բավականին անորոշ ու վտանգավոր է համարում ստեղծված իրադրությունը։

«Հայաստանը տարբեր շրջափուլերում զարգացրել է հարաբերությունները ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ ու այսօր այդ հարաբերությունները խորացնելու պոտենցիալ ևս տեսնում եմ, բայց անընդունելի եմ համարում ցանկացած գործընթաց, որի տակ դրված քաղաքական հաշվարկ գոյություն չունի։ Հայաստանի կառավարության քաղաքականության ամենամեծ խնդիրն այն է, որ երկիրը տեղափոխել է աշխարհաքաղաքական տարբեր բախումների դաշտ, որի պատճառով ցանկացած քայլ դիտարկվում է հակաների դաշտում։ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի հետ հարաբերությունները պետք է դիտարկել ոչ միայն արդյունավետության, օգտակարության, կամ փոխշահավետության հարթությունում, այլ պետք է ռեալ պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հարաբերությունների շեշտակի նվազումն ու ընդգծված առկայությունը։ Ես ինքս հնարավորություն տեսնում եմ ռուսական կողմի հետ աշխատելու և  եղած հնարավորությունները պոտենցիալ նոր մակարդակ տեղափոխելու հարցում, սակայն դա չի նշանակում, որ ես այս տարիների ընթացքում, այդ թվում մինչև 2018 թվականը, հայ-ռուսական հարաբերությունները ներդաշնակ ու իդեալայան եմ համարել։»,- ասել է Աբրահամյանն ու նշել՝ գերտերությունների հետ հարաբերությունները սառեցնելը սխալ քայլ է։