26 Դեկ
2024
5.7° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը օրինական պատասխան է տվել Իսրայելին․ իրանագետ

Իրանը օրինական պատասխան է տվել Իսրայելին․ իրանագետ

Իրանը անօրինական քայլ չի արել Իսրայելի վրա հարձակվելով։ Այն արդարացվում է ՄԱԿի կանոնադրության 51-րդ կետով, ըստ որի՝ օրինաչափ ու արդար է պատասխանը թշնամու հարվածին․ ABC լուրերի տաղավարում ասել է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։
 
«Տեսանք՝ Իսրայելը, ոտնակոխ անելով իրավական բոլոր նորմերը, հարձակում կատարեց Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ինչին Իրանի պատասխանը համարժեք էր։ Իրանը ազգային անվտանգությունը, պատիվը պահելու համար է ձեռնարկելու այդ քայլը։ Մեր հարևան այս գործողությունը ավարտված է համարում, սակայն հիմա էլ Իսրայելի համար է Իրանին պատասխանելու խնդիր առաջացել»,- ասել է իրանագետը։

Ըստ Առաքելյանի՝ սա Իսրայելի սկսած խաղն ու մարտավարությունն է։ Իսրայելը, ձգտելով Իրանի հետ առճակատման, նպատակադրված էր հարձակվել Իրանի հյուպատոսության վրա, որպեսզի երկու երկների միջև պրոքսի պատերազմը դադարեցնի։
 
Իրանի՝ Իսրայելի վրա հարձակումից ավելի քան 20 ժամ անց Հայաստանը դեռ ոչ մի արձագանք՝ դատապարտող կամ աջակցող, չի արել։ Ինչպիսի՞ հետևանք կարող է թողնել այս քայլը ՀայաստանԻրան հարաբերությունների վրա։

«Իրանը արդեն ծանոթ է վերջին մի քանի տարիներին Հայաստանի ծույլ դիվանագիտությանը։ Հույս ունեմ՝ թեկուզ ուշացումով Հայաստանի դիվանագիտությունը կարձագանքի և կդատապարտի Իսրայելի գործողությունը Իրանի նկատմամբ։ Ինչպես մենք Արցախի հարցում արդարացի ենք համարում մեր պայքարը, որը հանուն հայրենիքի է, այդպես էլ Իրանն է․ նա պաշտպանում է ազգային անվտանգությունն ու հարվածում թշնամուն։ Կարծում եմ՝ սա ևս հաշվի առնելով հայկական կողմը պետք է աջակցի Իրանին»,- ասել է իրանագետ Առաքելյանը։

Իրանագետը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, զգուշացնում է՝ տարածաշրջանը հղի է բազմաթիվ իրադարձություններով և Հայաստանը պետք է պատրաստվի դրան՝ կոփվելով ու զինվելով: