20 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է նորություններն ու բանավեճերը ներկայացնել կառավարական տեսանկյունից․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց

Հանրային հեռուստաընկերությունը շարունակել է նորություններն ու բանավեճերը ներկայացնել կառավարական տեսանկյունից․ ԱՄՆ պետքարտուղարության զեկույց

ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած՝

մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցում անդրադարձ կա հայկական լրատվամիջոցներին, նշվում է, որ տարվա ընթացքում լրատվամիջոցները եղել են քաղաքականապես բևեռացված, և նրանց ֆինանսական կենսունակությունը շարունակել է խոչընդոտ լինել մամուլի ազատության համար:

«Նախկին իշխանությունների կամ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված մասնավոր անձինք ու խմբերը շարունակում են բաժնետոմսեր ունենալ բազմաթիվ հեռարձակվող լրատվամիջոցներում և թերթերում, որոնք հակված են արտացոլելու իրենց սեփականատերերի քաղաքական հակումները և ֆինանսական շահերը: Ողջ տարվա ընթացքում կառավարական իշխանություններն ընդլայնել են իրենց ֆինանսական ներդրումները լրատվամիջոցներում՝ սրելով բևեռացումը: Մնացած մի քանի անկախ լրատվամիջոցները, որոնք կախված չեն քաղաքականապես փոխկապակցված դոնորների ֆինանսական աջակցությունից, ապավինում են միջազգային դոնորների աջակցությանը՝ գովազդից և բաժանորդային վճարներից իրենց սահմանափակ եկամուտների պատճառով»,-ասված է զեկույցում:

Նշվում է նաև, որ ըստ ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ եղել են տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ, այդ թվում՝ երբ պետական մարմինները հրաժարվել են տեղեկատվություն տրամադրել, դա արել են ընտրողաբար կամ դանդաղ, տրամադրել են անորոշ պատասխաններ կամ չեն արձագանքել տեղեկատվության հարցումներին

«Հեռարձակվող լրատվամիջոցները, ներառյալ հանրային հեռուստատեսությունը, շարունակել են լինել բնակչության մեծամասնության համար նորությունների և տեղեկատվության հիմնական աղբյուրներից մեկը: Ըստ որոշ լրատվամիջոցների դիտորդների՝ Հանրային հեռուստատեսությունը շարունակել է նորություններն ու քաղաքական բանավեճերը ներկայացնել կառավարական տեսանկյունից, թեև այն հասանելի է եղել ընդդիմության ձայներին»: