28 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը մտահոգված է ՀՀ֊ում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ համաձայնեցնում է իր հետ. թուրքագետ

Ադրբեջանը մտահոգված է ՀՀ֊ում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ համաձայնեցնում է իր հետ. թուրքագետ

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Հայ Առաքելական եկեղեցուն մեղադրել է պատերազմ հրահրելու, «հայ֊ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտելու», Հայաստանում իշխանափոխության կոչեր անելու համար:

«Այս հայտարարությունը մի բանի մասին է խոսում, որ Ադրբեջանում շատ հստակ մտահոգված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի ունեցող երթը դեպի Երևան, միանշանակ, նրանց մեջ վախ է առաջացնում, քանի որ ներկայումս Հայաստանում գործում է մի իշխանություն, որն իրենց հետ ամեն հարց համաձայնեցնում է։ Այն շարժումը, որը ձևավորվել է Բագրատ Սրբազանի ղեկավարությամբ, միանշանակ, միակողմանի զիջումներn անթույլատրելի է համարում։ Եվ սա արդեն իսկ թշնամու մոտ առաջացրել է այնպիսի մտահոգություն, որ ուղղակի իրենք չեն կարողացել անմասն մնալ և հարկ են համարել հայտարարությամբ հանդես գալ»,-այս մասին ABC media-ի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Գևորգ Գալտակյանը։

Նրա խոսքով՝ Հայատանի քաղաքական և սոցիալական վիճակի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայ Առաքելական եկեղեցին միշտ անկյունաքարային դերակատարություն է ունեցել հայ ազգի քաղաքական կարևորագույն, ճակատագրական որոշումներ կայացնելիս։

«Իրենք շատ հստակ հասկանում են, որ եկեղեցին այն ոգևորող ուժն է եղել, որը 90-ականներին՝ Առաջին Արցախյան պատերազմի ժամանակ, օգնել է հաղթանակի հասնել, և Հայաստանը դարձնել անկախ պետություն: Եկեղեցին կարողացել է ԽՍՀՄ տարիներին Հայաստանում տեղի ունեցող դեմոգրաֆիական ագրեսիան, որն Ադրբեջանն էր իրականացնում, կանխարգելել»,-նշել է փորձագետը։

Ադրբեջանը պետական մակարդակով բառացիորեն ասում է, թե իբր Հայ եկեղեցին անմիջականորեն խաթարում է խաղաղության գործընթացը։

«Այս խաղաղության գործընթացում կարևորն այն է, որ խաղաղությունը լինում է ինչ-որ կողմին ձեռնտու, ինչ-որ մեկին՝ ոչ ձեռնտու։ Լինում են տարբեր տեսակի խաղաղություններ, եթե Ադրբեջանը տվյալ պարագայում ցանկանում է հասնել իր համար ցանկալի խաղաղության, ապա դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող իր շահերը պաշտպանել։ Այս շարժումը, որը գլխավորում է Բագրատ Սրբազանը, միանշանակ, այն մասին է, որ հայ ազգը, Հայաստանն ու իր շահերն անբաժանելի են։ Պետք չէ տրվել կապիտուլյացիոն հերթական գործողություններին»,-հայտարարել է Գալտակյանը։

Թուրքագետը հիշում է, որ մինչև 44֊օրյա պատերազմը Ադրբեջանում ձևավորվել էր, այսպես կոչված, «Լեռնային Ղարաբաղի համայնքը», որը երկար ժամանակ, ինչպես անում է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», պետական մակարդակով քարոզ էր տանում, որը ոչ միայն իրենց հասարակության համար էր, այլև միջազգային հանրության։ Այս տարբերակով Ադրբեջանը երկար տարիներ միջազգային հանրությանը համոզել է, որ Արցախը ադրբեջանական է։