26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դիվանագետների համահայկական խորհուրդը ներկայացրել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու քայլերը

Դիվանագետների համահայկական խորհուրդը ներկայացրել է ստեղծված ճգնաժամից դուրս գալու քայլերը

Դիվանագետ Վահագն Մելիքյանը ներկայացրեց Հայաստանում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար նախատեսված քայլերը, որոնք մշակվել են Դիվանագետների համահայկական խորհրդի կողմից:

Առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև.

  • ՀՀ արտաքին քաղաքական նշանակետը աներկբայորեն կայուն և տևական խաղաղության շուրջ չընդհատվող և համապարփակ բանակցություններն են՝ բոլոր առաջնահերթ հարցերի օրակարգով, նպատակ ունենալով բացառել պատերազմի հավանականությունը՝ ՀՀ նոր իշխանությունը, ի դեպս նոր բանակցողի, պետք է սթափ գնահատական տա և ձերբազատվի ժողովրդի թիկունքում ձեռք բերված բանավոր պայմանավորվածություններից:

 

  •  Հանձնառու լինելով միջազգային և փաստաթղթավորված բոլոր պարտավորություններին և հանձնառություններին և առաջնորդվելով ՀՀ անվտանգության առաջնահերթություններով՝ ներգրավելու ենք կառուցողական և փոխշահավետ բանակցություններում:

 

  •  Իրականացնել արտաքին քաղաքական օրակարգի սկզբունքային փոփոխություն՝ բացառելով հակառուսականությունը, հակաարևմտականությունը կամ ցանկացած հակա-ներով ձևավորված արտաքին քաղաքական բովանդակություն՝ զսպման ճկուն քաղաքականություն որդեգրելով:

 

  • Բացառել արտաքին քաղաքական կտրուկ շրջադարձներն ու դիրքավորումները՝ աշխարհակարգի սրընթաց փոփոխությունների և անորոշության պայմաններում:

 

  • Հարկավոր է գիտակցել, որ միջազգային քաղաքականությունը մի գործընթաց է, որտեղ ազգային շահերը սրբագրվում են, բայց չեն վտանգվում երբեք:

 

  • Ազգային շահերի հայեցակարգը չի ենթարկվում շինծու խաղաղություն, ոչ էլ պատերազմի անխուսափելոիություն, հակառակը, ենթադրում է հակամարտող շահերի մշտական կարգավորում՝ դիվանագիտական ողջ գործիքակազմով, ինչի բացակայությունն այսօր առկա է, և բոլորը գիտեն:

 

  • Պետք է հստակեցնենք մեր ազգային շահերը, դրանք հավասարակշռենք նոր իրողությունների պայմաններում՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները, և չթուլացնելով մեր պետականության հիմքերը:

 

  • Մենք պետք է հնարավորինս արագ վերականգնենք մեր ռազմավարական հարաբերությունները դաշնակիցների, ինչպես նաև խորացնենք մեր գործընկերությունը և գործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ:

 

  • Համազգային ճգնաժամը հաղթահարելու համար կենսական անհրաժեշտություն է համահայկականությունը: Դրա նոր բանաձևումը, որին հասնելու միակ ճանապարհը պետք է դիտարկել համահայկական ներուժի համախմբումը՝ ներհանրային հաշտեցումը և համերաշխությունը, այս գործում անժխտելի է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու, համահայկական կառույցների և Արցախի Հանրապետության օրինական իշխանությունների անփոխարինելի առաջնորդությունն ու ակտիվ դերակատարությունը:

 

  • Հայ ժողովուրդը բացառիկ հնարավորություն ունի հասնելու ներքին հաշտեցման, համախմբվածության և միասնականության, ինչն էապես կնպաստի արտաքին քաղաքականության արդյունավետ իրականացմանը: