Բագրատ Սրբազանը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չէ, որին կարելի է հեշտությամբ վարկաբեկել կամ վախեցնել․ միջազգային մամուլի ամփոփում
ֆրանսիական լրատվական ռադիոալիք RFI-ն անդրադարձել է ՀՀ-ում բողոքի ակցիաներին։ Նշվել է, որ հազարավոր մարդիկ մի քանի օր է՝ բողոքի ցույց են անում Երևանում՝ ընդդեմ Ադրբեջանի հետ սահմանազատում իրականացնելու կառավարության որոշման։ Հանրահավաքներին բնորոշ առանձնահատկությունն այն է, որ դրանց մասնակցում են տարբեր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշի թեմի առաջնորդն է 2015 թ-ից։ Ինքը՝ քահանան, չի կարող դիմել վարչապետի պաշտոնի համար՝ կանադական անձնագրի առկայության պատճառով։ Բողոքին աջակցում է ընդդիմությունը, սակայն խորհրդարանը կարող է իմպիչմենտի գործընթաց սկսել միայն այն դեպքում, եթե դրա օգտին քվեարկի առնվազն 36 պատգամավոր։
Российская газета-ն նկատել է, որ Հայաստանում բողոքի ակցիաների ակտիվացումը համընկել է հայ-ադրբեջանական բանակցությունների հերթական փուլի հետ։
«Մեկնաբանելով իրավիճակը՝ հայ վերլուծաբաններն ընդգծում են, որ Փաշինյանի առաջ ոչ տրիվիալ մարտահրավեր է։ Բողոքի ցույցերը գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ չէ, որին կարելի է հեշտությամբ վարկաբեկել կամ վախեցնել իշխանությունների տրամադրության տակ եղած տեղեկատվության և այլ ռեսուրսների միջոցով»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կլինի միայն այն դեպքում, եթե դա ցանկանա քաղաքական վերնախավը, նշել է փորձագետ Վլադիմիր Բրուտերը URA.ru-ի հետ զրույցում։ «Մենք տեսնում ենք, թե որքան ագրեսիվ է նա ընդդիմության նկատմամբ և չի պատրաստվում լսել նրա պահանջները», – հավելել է փորձագետը։
Politnovigator-ը գրել է, որ ՀՀ-ում շատերի մոտ տպավորություն
է, թե տեղի ունեցածի ոչ թե խաղաղության պայմանագրի ծուրջ տարվող աշխատանքներ են, այլ՝ միակողմանի զիջումներ և կապիտուլյացիա Բաքվի առաջ։ Դա սպառնում է քաղաքական ճգնաժամով, եթե ընդդիմադիր կուսակցություններն իսկապես հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից և պահանջեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Համենայն դեպս, անհնազանդության համընդհանուր քարոզարշավի շրջանակներում զանգվածային մոբիլիզացիան մոտ ապագայում լավ բան չի խոստանում Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին։