23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք տապալել ենք մեր անցյալը, իսկ առջևում ապագան է․ Վահե Հովհաննիսյան

Մենք տապալել ենք մեր անցյալը, իսկ առջևում ապագան է․ Վահե Հովհաննիսյան

Այսօր միջազգային փորձագիտական գնահատականներում քննարկվում է Հայաստանի
հնարավոր «զոնալ բաժանման հեռանկարը»՝ չբացառելով, որ զարգացումներն ի վերջո կարող
են բերել փոքր Հայաստանի բաժանմանը ազդեցության գոտիների՝ թուրքական, ռուսական, պարսկական,
ԵՄ-ական․
գրում է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Մենք ջախջախված ներկայով պետք է գնանք դեպի ապագա։ Չուզենք էլ՝
մեզ տանելու են։ Մենք մեր ձեռքերով մեր ապագան կարող ենք սարքել դժոխք, եթե շարունակենք
ճիշտ չհասկանալ անցյալը, ճիշտ չգնահատել ներկան։ Ներկա ազգային պարզունակությունը և
մերկանտիլիզմը, որը քարշ ենք տվել բազմաթիվ դարերով մինչև 21-րդ, պետք է էական շտկման
ենթարկվիրել»,-գրել է նա։

Անդրադառնալով իշխանության վերջին՝ «խաղաղության խաչմերուկի» մասին
հայտարարություններին՝ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ դա արհեստականորեն է դրվել շրջանառության
մեջ։ Իսկ առաջին հայացքից բոլոր արհեստական գաղափարների հետևում իրական մշակված ողբերգության
սցենար է։

Նա նշել է, որ մենք պետք է խանգարենք Հայաստանը քարտեզի վրա չտեսնողների
սցենարին։

«Այսօր հուսահատեցնող է ոչ այնքան իշխանության որակը, դա մենք անգիր
գիտենք, որքան՝ դիմացը տիրող անճարակությունը՝ մի դեպքում անելիքը լավ չպատկերացնելու
պատճառով, մյուս դեպքում՝ գործարքային գույքամոլության»։

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք անհրաժեշտ
են առողջացման համար։

– Անարդար մեխանիզմներով մեծ կապիտալ դիզածները պարտք են Արցախին
ու արցախահայությանը։

– Իշխանությունը որպես միայն փող աշխատելու միջոց ու միջավայր ընկալած
անձինք պարտք են պետությանը։

– Զրոյական սոցիալական պատասխանատվությամբ օլիգարխիան պարտք է այս
ժողովրդին։

– Ինտելեկտուալ անհատները և շրջանակները պարտք են պետությանը, որովհետև
տարբեր պատճառներով արդյունավետ չեն եղել, հաճախ լռել են, հաճախ սպասարկել են այլ շահեր։

Եվ այդ պարտքը պետք է վերադարձվի, որպեսզի Հայաստանը ապագա ունենա։

Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ մենք 100%-ով տապալեցինք մեր անցյալը,
աննորմալ գին վճարեցինք, հիմա ամենանվաստացված, անարժանապատիվ վիճակում ենք՝ անհույս
ու անորոշ։ Բայց մեզ սպասում է նոր փուլ։ Առջևում «ապագան» է, որին ընդառաջ մենք գնում
ենք անմիտ, անծրագիր, քանդված վիճակում։

«Ի՞նչ անել, որ մեր ապագան ոչ թե դժոխք դառնա, այլ՝ հետպատերազմյան
վերականգնման փուլ (սա միակ առողջ տարբերակն է)։ Անհրաժեշտ է լինելու մի քանի ցավոտ
փաստերի ընդունում, ներկայի ռացիոնալ գնահատում, ներհասարակական համակեցության նոր
խաղի կանոնների հաստատում, ապագայի շուրջ ստրատեգիական մտածողություն ու այդ մտածողության
տեր մարդիկ։ Ուրեմն պետք է սկսենք ձևակերպել նոր ասելիք, ու դրանք դավանող մարդկանց
կոնկրետ ցանկ։ Ու վերջապես հերիք է սպասել, թե իբր ոմանք կձևակերպեն մեզ համար լուծումներ
ու իբր կառաջնորդեն պայքարի»,-գրել է նա։