Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը, եղանակային չափազանց անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված է եղել կոշտ վայրէջք կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահը Խոդաֆերինից ուղևորվելիս է եղել Թավրիզ։ Այսօր Ռայիսին Ադրբեջանում հանդիպում էր Իլհամ Ալիևի հետ, Նրա հետ եղել են նաև այլ պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի արտգործնախարարը։
Վարկած կա նաև, որ Ռայիսիի ուղղաթիռը եղանակային վատ պայմանների պատճառով վթարի է ենթարկվել։ Արաբական Al Jazeera-ի տվյալներով՝ փրկարարները դեպքի վայրին չեն կարողանում մոտենալ մառախլապատ եղանակի պատճառով։
«Ներդրվում են բոլոր հնարավոր ու անհնար միջոցները, անգամ ԱԹՍ-ներ են օգտագործվում, բայց դեպի վայրին մոտենալ չեն կարողանում»,-նշում է արաբական հեռուստաալիքը։
Ադրբեջանական, իրանական և միջազգային լրատվամիջոցներում Իրանի նախագահի մասին հակասական տեղեկություններ կան, մի մասը նշում է, որ վայրէջքից հետո նախագահը ավտոմեքենայով շարունակում է ճանապարհը։
Նախագահի հետ նույն ուղղաթիռում են եղել իմամ Մահամմադալի Ալի Հաշիմը, արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր–Աբդուլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին և մի քանի այլ ուղևորներ: