Իր դեմքն ամբողջովին փոխած Փաշինյանն այլևս չի կարող հավաքել բազմահազարանոց հանրահավաք՝ ի տարբերություն ընդդիմության․ Զատուլին
ՀՀ վարչապետը պահպանում է իր պաշտոնը՝ շնորհիվ Ադրբեջանի հետ հակամարտության հանրային վախի, հայտարարել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ըստ նրա՝ ցույցերի հաջողությունը կախված է նախ ցուցարարների՝ մինչև վերջ գնալու պատրաստակամությունից, և երկրորդ՝ իրավապահ մարմիններն արդյոք կենթարկվե՞ն Փաշինյանի հրամանին՝ ցանկանալով դադարեցնել բողոքի գործողությունները։ Զատուլինի խոսքով՝ Փաշինյանի վարկանիշն իջել է, և նա այլևս չի կարող հավաքել բազմահազարանոց հանրահավաք՝ ի տարբերություն ընդդիմության։
«Ամբողջովին պարզ չէ, թե ինչ բռնություն են պատրաստ կիրառել վարչապետն ու նրա համախոհները։ 2018 թվականին նա ինքն է իշխանության եկել հենց այսպես՝ ցույցեր կազմակերպելով, որոնք չեն ճնշվել, և կարգի հրավիրելու ցանկացած փորձ այն ժամանակ համարվել է հանցագործություն ժողովրդավարության դեմ։ Այսօր նա ամբողջովին փոխել է իր դեմքը։ Այն, ինչ իրեն թույլ են տվել 2018 թվականին, նա չի ուզում ուրիշին թույլ տալ 2024 թվականին»,- նշել է պատգամավորը։