Ինչու՞ են հեռանում պարտված իշխանությունները
Հայաստանում թափ է առնում «Տավուշն հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, որը պահանջում է Հայաստանում գործող իշխանությունների հեռացումը։ Շարժման շուրջ են համախմբվել տարբեր քաղաքական հայացքներ ունեցող ընդդիմադիր ուժեր։ Որոնք համոզված են, որ գործող իշխանությունները, ոչ միայն ձախողակ են քաղաքականության մեջ, այլև միտումնավոր սպասարկում են հակառակորդ երկրների շահերը։
Դեռևս 2021թ-ին՝ 44 օրյա պատերազմից հետո, ընդդիմության և ժողովրդի մի ստվար հատվածի ճնշմամբ ՔՊ-ն՝ իշխող ուժը, կազմակերպեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ և ինքն էլ մասնակցեց դրան։ Արդյունքում, պետական ապարատի լծակների կիրառմամբ և տարբեր մանիպուլիացիաների շնորհիվ, իշխող ուժը Փաշինյանի գլխավորությամբ կրկին վերընտրվեց, Փաշինյանն էլ շարունակեց զբաղեցնել վարչապետի աթոռը։ Սա, իշխանականների սիրած բառամթերքով ասած, իրոք աննախադեպ գործընթաց էր։ Քանի որ, Հայաստանից բացի, չկա մեկ այլ երկիր, որտեղ տնտեսական, քաղաքական գործընթացները ձախողած և պատերազմը պարտված ուժը նորից մասնակցի ընտրություններին և վերընտրվի։ Արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանը հայտարարում էր, որ իրենք, այս ծանրագույն ժամանակաշրջանում պատասխանատվություն կստանձնեն, կշտկեն իրավիճակը և արցախյան հիմնահարցին նպաստավոր լուծում կտան։ Բայց Փաշինյանը չէր հստակեցնում, որ ծանրագույն իրավիճակը, որում երկիրը հայտնվել էր, իր և իր կուսակցության ապաշնորհ կառավարման վաստակն է։ Իսկ արցախյան խնդրի նպաստավոր լուծում ասելով էլ, ինչպես ժամանակը ցույց տվեց, այսօրվա իշխանությունները հասկանում էին Արցախը լիակատար Ադրբեջանին հանձնելը։ Եվ հիմա էլ, վարչապետի աթոռը զբաղեցնողը հայատարարում է, որ իրենց իշխանությունը պարտավոր չէ հրաժարական տալ, քանի որ ընտրվել է ժողովրդի կողմից, հետևաբար վայելում է մեծամասնության աջակցությունը։ Դե, իսկ պատերազմը պարտվելն ի՞նչ կապ ունի, չէ՞ որ իրենք գլխավոր պատասխանատուն էին, բայց, ֆանտաստիկ կերպով, ոչ գլխավոր մեղավորը, և հետո, Գերմանիան էլ պարտվեց պատերազմում, բայց ոտքի կանգնեց և դարձավ ամենահզոր տնտեսություններից մեկը։ Այստեղ, ինչ վերաբերում է ժողովրդի մեծամասնությանը, ապա, նույնիսկ պարզագույն հարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշը անգամ մոտ էլ չէ կրիտիկական 20%-ին։ Իսկ Գերմանիային էլ ոտքի հանեց հատուկ մշակված Մարշալի ծրագիրը և նոր իշխանությունների ճիշտ քաղաքականությունը, այլ ոչ թե պարտված Հիտլերը։ Եթե, մի իշխանություն պարտվում է պատերազմը, այն էլ այնպես, որ այդ պարտությունը հավասար է կապիտուլացմանը, ապա դա նշանակում է, որ տվյալ իշխանությունն իսկզբանե որդեգրել է սխալ տնտեսական ու քաղաքական ուղենիշներ և պարտավոր է հեռանալ։ Աշխարհում, բոլոր այն երկրներում, որտեղ իշխանությունները պարտվել են, անխտիր հեռացել են, և ոչ միայն այն պատճառով, որ նրանք քաղաքականապես տհաս են եղել, այլև այն, որ պարտվածները, նույնիսկ հոգեբանորեն պատրաստ չեն բանակցել հակառակորդի հետ, և, ըստ արժանվույն պաշտպանել սեփական ժողովրդի շահերը։ Բացի նշվածից, գոյություն ունեն բազմաթիվ այլ հանգմանքներ։ Շատ դեպքերում, եթե, նույնիսկ տվյալ երկիրը չի պարտվում, բայց ունենում է սպասվածից ավելի շատ պատերազմական կորուստներ, իշխանությունները հրաժարական են տալիս։ Այդպես եղավ Իսրայելում Գոլդա Մեյերի իշխանության ժամանակ։ Հարևան երկրների հետ մարտական գործողությունների ժամանակ Իսրայելը հաղթեց, բայց ունեցավ 1000 զոհ, ինչը, ըստ ընդիմության և ժողովրդի մի ստվար հատվածի` չափազանց շատ էր։ Եվ նրանք պահանջեցին Գոլդա Մեյերի հրաժարականը։ Ժողովրդի մի հատված էլ պաշտպանում էր Գոլդա Մեյերին՝ նշելով, որ նա հաղթել է, և պաշտպանել է երկիրը հակռակորդների ներխուժումից և տարածքային կորուստներից։ Արդյունքում Գոլդա Մեյերը հրաժարական տվեց, և հետագայում ինչպես ինքն էր պարզաբանում, իր հեռացումը դարձել էր անհրաժեշտություն, քանի որ հասարակությունը երկփեղկվել էր իր կողմնակիցների և հակառակորդների միջև։ Ինչը բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գտնվող երկրի համար անթույլատրելի էր։ Սա, իրոք, պետականամետ քաղաքական գործչի պահվածք էր։ Եվ, վկայում էր այն մասին, որ Իսրայելը բարդ աշխարհաքաղաքական պայմաններում շարունակում է մնալ հաջողակ և զագացած երկիր՝ հենց այսպիսի քաղքական գործիչներ ունենալով։ Հայաստանի դեպքում, եթե շարժվենք Իսրայելի՝ որպես զարգացած և հաջողակ երկրի սանդարտներով, կստացվեր, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հենց իշխանության եկած օրվանից պետք է հրաժարական տար։ Քանի որ, հենց եկած օրվանից, նրանք հասրակությունը բաժանեցին «սևերի» և «սպիտակների»՝ իրենց հետ չհամաձայնվողներին և արդարացի քննադատողներին պիտակավորելով, որպես «սևեր»։
Չնայած նրան, որ ներկայումս իշխող ուժը, մեղմ ասած, չի վայելում ժողովրդի մեծամասնության աջակցությունը, սակայն հայ հասարակության մի հատված մնացել է քաղաքական վակումի մեջ։ Նրանց տանջում է մի հարց, եթե չլինի Նիկոլը, ապա ո՞վ լինի։ Այստեղ պետք է պատասխանել վերջերս առաջացած կիսաանեկդոտ ասույթով։ Նիկոլին կարող է փոխարինել նա, ով գոնե, մի քիչ ավելի լավն է, իսկ Նիկոլից ավելի լավ կարող է լինել նույնիսկ կակտուսը։ Այն հիմար և հակապետական «Կադաստրի» թղթերի տակ չի ստորագրում, չի ուտում, կին չունի, խմում է միայն ջուր, այն էլ շաբաթը մեկ։ Իսկ, եթե ավելի լուրջ, մեր հասարակությունը պետք է արագ դուրս գա այս քաղաքական թմբիրից և համախմբվի ազգային, պետական օրակարգի շուրջ։ Հակառակ դեպքում, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի օրակարգը կհասցնի այնտեղ, որտեղ իր սեփական կետից հասցրեց արցախյան օրակարգը։ Դե, ինչ վերաբերում է Նիկոլին և նրա ՔՊ-ին փոխարինելուն, ապա վտանգավոր միամտություն է կարծելը, որ հայ ազգի մեջ չկան այն արժանավոր քաղաքական գործիչներն ու մասնագետները, որոնք ի վիճակի են ձևավորել ճգնաժամային կառավարություն և կարգավորել երկրի վիճակը։
Աշոտ Բարեքյան