23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի․ Սարգսյան

Ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի․ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր ազգային գիտակցության, պատմական պատասխանատվության և անձնազոհ խիզախության ժամանակն է:

Հայ ժողովրդի նվիրյալ զավակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը մղեցին, որ հետագա բոլոր սերունդներն ապրեն աստվածապարգև իրենց Հայրենիքում, ապրեն  արժանապատիվ՝ ազատ ու անկախ, խոսեն հայերեն, հաճախեն հայոց եկեղեցի, սովորեն հայոց պատմություն:

Հավերժ փա´ռք բազում այն երախտավորներին, ովքեր անձնուրացաբար կերտեցին Մայիսի 28-ը` փայլուն հաղթանակներ տարած հայ զինվորներին, զորահրամանատարներին, հոգևորականներին և բոլոր նրանց, ովքեր նախընտրեցին պատվով ապրելը:

Հնազանդվելու, նվաստացուցիչ պայմաններով խաղաղություն մուրալու, թուրքական հպատակության տակ գոյությունը քարշ տալու կոչեր անողները, ինչպես երեկ, այնպես էլ այսօր չունեին և չունեն ազգային հավաքական իրավունքները, շահերն ու վտանգները գիտակցելու, իրականությանը ուղիղ նայելու և գործելու խիզախություն:

Պատմությունը վկա՝ հաղթանակը տրվում է արժանիներին, և այսօր՝ մայիսյան հերոսամարտերից ավելի քան մեկ դար անց, յուրաքանչյուրիս ընտրությունն է՝ լինել արժանի՞, թե՞  արժանանալ նզովքի:

Վստահ եմ՝ պետությունը և եկեղեցին դարձյալ մնալու են իրենց առաքելությանը հավատարիմ, և ճակատագրական այս օրերին Սարդարապատի խորհրդանշական զանգերը ղողանջելու են ի նշան ճշմարտության և արժանապատվության հաղթանակի»: