Կառավարության շենքը կալանավայրի է վերածել. Բագրատ սրբազան
Կառավարության դիմաց հանրահավաքը սկսվեց լարված, նույնիսկ հրմշտոցով։ Ոստիկանները հատուկ պահպանման գոտի էին տանում ակցիայի մասնակիցների մեքենաները, որոնցից մեկի մեջ նույնիսկ մարդ կար։ Իրավիճակը մի փոքր հանդարտվելուց հետո Բագրատ սրբազանը զրուցեց լրագրողների հետ, անդրադարձավ վերջին օրերին շահարկվող թեմաներին։ Նախ սկսեց կառավարության դիմաց տիրող իրավիճակից. «Կառավարության շենքը կալանավայրի է վերածել։ Տեսեք այս ոստիկանական շերտերը։ Մենք ի՞նչ ենք արել, մարդիկ պարզ եկել են, մեքենաները տանում են, մենք էլ եկել ենք ասելու, որ դու այս երկրում անելիք չունես։ Հեծանիվով էր ման գալիս»։
Բագրատ սրբազանն անդրադարձավ նաև Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ հանդիպմանը. «Երկու-երեք օր առաջ ենք զրուցել, քննարկել ենք՝ ինչ է հնարավոր անել Տավուշի և Լոռիի շրջանում մարդկանց կարիքները հոգալու համար։ Հանդիպմանը ներկա է եղել ամբողջ ընտանիքը՝ զավակներ, թոռ, հարս, մայր»,- ասաց Սրբազանը։