22 Դեկ
2024
1.7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանն այլ գործընկերներ գտնելու իրավունք ունի, բայց Ռուսաստանի հետ համագործակցությանը այլընտրանք չկա. Զատուլին

Հայաստանն այլ գործընկերներ գտնելու իրավունք ունի, բայց Ռուսաստանի հետ համագործակցությանը այլընտրանք չկա. Զատուլին

Հայաստանն իրավունք ունի փնտրել այլ գործընկերներ, սակայն մոտ ապագայում Ռուսաստանի հետ բարեկամությունն ու համագործակցությունն այլընտրանք չունի:  Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը․ գրում է Интерфакс գործակալությունը։

“Ես համոզված եմ, որ տեսանելի ապագայում ոչ ոք չի կարող հայերի, հայ ժողովրդի համար փոխարինել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները։ Ընդ որում, վստահ եմ, որ Հայաստանը, հայերն իրավունք ունեն, և նրանք այն իրագործում են, կապ հաստատելու ամբողջ աշխարհի հետ, աջակցություն փնտրելու ցանկացած վայրում”, – ասել Է խորհրդարանականը հինգշաբթի օրը Մոսկվայի Լազարևյան ակումբում «Ո՞ւր ես գնում․ Հայաստանի խաչի և Ռուսաստանի խաչի մասին» թեմայով նիստի ժամանակ։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե Ռուսաստանն է պատասխանատու Ադրբեջանի հետ դիմակայությունում Հայաստանի պարտության, այն ծանր ռազմաքաղաքական իրավիճակի համար, որում հայտնվել է հանրապետությունը, Զատուլինը դա անվանել է «ակնհայտ սուտ»։

«Կարծում եմ, որ կատարվածի համար Ռուսաստանի վրա ամբողջ մեղքը բարդելու փորձերը շարունակությունն են այն մտքի, որը նախապես ասված էր ներկայիս վարչապետի և նրա համախոհների քաղաքական կարիերայի սկզբում՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու անհրաժեշտության,  Ռուսաստանը  տասնյակ և հարյուրավոր տարիներ որպես պաշտպան և հովանավոր դիտարկող հայ ժողովրդի գիտակցությունը վերակողմնորոշելու, վերաձևակերպելու անհրաժեշտության մասին»,- ասել է Պետդումայի պատգամավորը։