Սերժ Սարգսյանը, Բարսեղ Բեգլարյանն ու գործով անցնող մյուս անձինք արդարացվեցին
Դատարանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացնելու վճիռ կայացրեց։
Արդարացվեցին նաև նույն գործով անցնող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու, գործով անցնող մյուս մեղադրյալները։
Նրանք անմեղ են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքների համար։
Հիշեցնենք, որ գործն առնչվում էր վառելիքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներին: Գործով ի սկզբանե ամբաստանվում էր 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության նախկին սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական նախկին օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը)։ Գործի քննության ընթացքում Սամվել Գալստյանն ու Սերգո Կարապետյանը մահացել են: