Ստեղծելու ենք պրոֆեսիոնալներից բաղկացած հաշտության կառավարություն, որն էլ կկազմակերպի արտահերթ ընտրությունները․ Բագրատ Սրբազան
Առաջինը՝ ստեղծել հաշտության կառավարություն, հաշտության կառավարությունն՝ արդարադատության և արդարության հիմքերով, այն պիտի զբաղվի մեր քայքայված հասարակական կյանքի ներքին, լայն հաշտություն գոյացնելով․ միջազգային լրատվամիջոցների մասնակցությամբ ասուլիսի ընթացքում, պատասխանելով Չեխիայից հայ լրագրողի՝ Սրբազանի առաջարկած ծրագրի մասին, ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Հաշտության անցումային կառավարությունը պետք է ուղղակիորեն լրջագույն մակարդակի բարձրացնի արտաքին հարաբերությունները՝ բոլոր ուղղություններով։ Այդ կառավարությունը որոշակի սահմանված ժամանակում պետք է պատրաստի արտահերթ ընտրություններ՝ մեկնարկային հավասարություն ունենալով բոլոր կուսակցությունների համար, ովքեր ցանկանալու են մասնակից լինել այդ ընտրություններին։ Այդ կառավարությունը պետք է լինի վերկուսակցական, մասնագետներից, պրոֆեսիոնալներից բաղկացած, ովքեր նաև ապագայում, որպես թիմ, հավակնություն չեն ունենա մասնակցելու ընտրություններին, իրենց առաքելությունն ավարտած կլինեն այդ փուլում՝ կազմակերպելով արտահերթ ընտրությունները, որպեսզի որևէ ձևով, որևէ լծակներ չօգտագործեն այդ ընտրություններում և ունենանք ազատ, թափանցիկ ընտրություններ»,-ասել է Սրբազանը։
Նա նշել է, որ շարժումը ծագել է Կիրանցում և Ոսկեպարում, բայց դրա լուծումը Երևանում է, որովհետև Կիրանցով և Ոսկեպարով չի ավարտվում, այլ տարածվում է ամբողջ ՀՀ–ի և հայ ժողովրդի վրա։ «Այն, ինչ մենք այսօր անում ենք, հենց դրան է միտված՝ կանխարգելելու։ Մենք արդեն երկու մեծ հանրահավաքների հստակ օրակարգ ենք ներկայացրել, ծրագիր ենք ներկայացրել, թե ինչպես ենք պատկերացնում ապագա Հայաստանի տեսիլքը, նաև այս անցումային շրջանի մասին ենք ծրագիր ներկայացրել, թե ինչպես պիտի դա տեղի ունենա»,-ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։