24 Դեկ
2024
-0.7° c ԵՐԵՎԱՆ
0.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Առանցքում ունենալով ՀՀ շահը՝ պետք է ունենանք կայուն, հասկանալի և երկարաժամկետ հարաբերություններ աշխարհի հետ․ Բագրատ Սրբազան   

Առանցքում ունենալով ՀՀ շահը՝ պետք է ունենանք կայուն, հասկանալի և երկարաժամկետ հարաբերություններ աշխարհի հետ․ Բագրատ Սրբազան  

Այսօր Հայաստանը բացարձակ ոչ մի ասելիք չունի հայ-ադրբեջանական հարաբերություններում: Ոչ մի փոխզիջումային տրամադրություն, տարածքային ամբողջականությունը ճանաչելու ոչ մի հիմք։ Հետևաբար, բանակցությունները, որպես այդպիսին, գոյություն չունեն․ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Spеcial Еurasia-ի լրագրող Սիլվիա Բոլթուկի հարցերին: 

Նրա խոսքով՝ իրենց ցանկությունն ու ծրագիրն է, որ բանակցությունները վերադառնան իրական բանակցային գործընթացներ ու բանակցային սեղան: 

Պատասխանելով հարցին, թե Գալստանյանը կշարունակի՞ Հայաստանը ՌԴ-ից հեռացնելու Փաշինյանի գիծը, Սրբազանը նշել է, թե չի կարծում, որ այս կառավարությունը վեկտորի փոփոխության խնդիր ունի:

«Այն, ինչ մենք տեսնում ենք, տարերային, իրադարձային հարաբերություններ են: Մեր նպատակն ու ծրագիրն է, ունենալ կայուն ու վստահելի, երկարաժամկետ, դրական և կառուցողական հարաբերություններ բոլոր ուղղություններով, բոլոր գործընկերների հետ»,-ասել է Սրբազանը: 

Նրա խոսքով՝ շատ կարևոր առանցքային դետալ կա այստեղ, հայկական օրակարգում: Այդ բոլորը պետք է նպաստեն ՀՀ-ի և հայ ժողովրդի շահերին: 

«Այստեղ չենք կարող բացառել Սփյուռքի առկայությունը: Մենք աշխարհի բոլոր երկրներում տարածված մեր հայրենակիցներին ունենք, որոնց ներկայությունն արդեն խոսում է նաև այն մասին, որ ակամայից այդ բոլոր պետություններն աշխարհում ՀՀ բարեկամներն են: Հետևաբար, ի տարբերություն այսօրվա իշխանության, որի քաղաքականությունն աշխարհի հետ անհասկանալի է, մեր ծրագիրը, նպատակը, օրակարգն այն է, որ առանցքում ունենալով ՀՀ շահը, Հայկական օրակարգը՝ ունենանք վստահելի, կայուն, հասկանալի, երկարաժամկետ հարաբերություններ և դրական միտումով հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հասկացողության վրա»,- ասել է Սրբազանը: