Ժողովրդի հուժկու կամքն է պետք, որ իշխանականները հունիսի 17-ին գան արտահերթ նիստին․ Արծվիկ Մինասյան
Մենք այսօր ականատես եղանք քաղաքական մեծամասնություն համարվող մի խմբավորման ապօրինի պահվածքի։ Ազգային ժողովի երկու խմբակցությունների պատգամավորները արտահերթ նիստ հրավիրելու պահանջ էին առաջադրել։ Նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր։ Այն վերաբերում էր Ազգային ժողովի ուղերձին, որն ուղղված է լինելու գործադիր իշխանությանը, որպեսզի գործող իշխանությունը ինքնակամ ներկայացնի իր հրաժարականը և հնարավորություն ընձեռի նոր Կառավարության ձևավորմանը․ այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված քաղաքացիներին ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«ԱԺ 14 անդամից կազմված խորհուրդը, որի 12 ներկայացուցիչը ՔՊ-ից են, 2-ը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարները, մերժել են արտահերթ նիստ իրականացնելու առաջարկը։ Մեր միջնորդությունը, որտեղ ներկայացվում է, որ վաղը, կամ մյուս օրը, կամ մինչև 17-ը, ցանկացած օրը՝ ժամը 18։30-ին, գումարվի արտահերթ նիստ, ՔՊ-ն մերժել է։ Օրենքի ուժով՝ այս նիստը պետք է գումարվի հունիսի 17-ին, սակայն այստեղ պետք է լինի ժողովրդի հուժկու արձագանք, որպեսզի իշխանականները գան նիստի։ Հակառակ դեպքում՝ նիստը տեղի չի ունենա»,- ասել է Մինասյանը։
Նա նշել է նաև, որ այս նախաձեռնությունը օրենքի ուժով պետք է գումարվի 5-րդ աշխատանքային օրը, բայց օրենքը նախատեսում էր հնարավորություն, որ ԱԺ խորհուրդը ավելի վաղ գումարի այս արտահերթ նիստը, որի համար պահանջվում էր 2 խմբակցության միջնորդություն և ՔՊ-ի այն անձնանց կողմ քվեարկությունը, որոնք ԱԺ խորհրդի մեջ են։
««Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարները ներկայացրել են, որ ժողովուրդը տևակական ժամանակ է արտահայտում է իր դժգոհությունը հստակ ասելով, որ 2021 թվականին ձևավորված Կառավարությունը ամբողջությամբ ձախողել է իր իսկ ծրագիրը՝ առանցքային բոլոր ուղղություններով․ անվտանգություն, պաշտպանություն, սահմանների անձեռնմխելիություն, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացում։ Արցախի հարցով գործող խմբակը ոչ միայն չի կատարել խոստումը, այլ Արցախ է հանձնել թշնամուն։ Այս Կառավարությունն անելիք չունի»,- ասել է Մինասյանը։
Պատգամավորը նշել է նաև, որ մեր երկրում փոփոխություն բերելու, վերականգնվելու համար պետք է մեկտեղել բոլոր ուժերը։ Գործող իշխանությունը ոչ միայն չի կարողանում մեկտեղել այդ ուժերը, այլ ձախողում է ցանկացած հայանպաստ գործողություն։ Այս ռեժիմը պետք է հրաժարական տա ու հեռանա՝ ընդգծել է Մինասյանը։ Նա ելույթի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի ժողովրդավարությանն ու հիշեցրել ամբիոններից ժողովրդական ղեկավար հանդես եկող անձը այսօր հաշվի չի առնում անգամ բազմահազարանոց հավաքի ժամանակ ժողովրդի ձևակերպած պահանջները։