Ոստիկանները Փաշինյանից հրահանգ են ստանում և ուղղակի կատարում այն՝ չհետևելով օրենքին․ Գևորգ Թամամյան
Իշխանափոխության խաղաղ, անցնցում փոխանցելու հարցն է օրակարգում․ ABC media-ի հետ զրույցում ասել է բժիշկ Գևորգ Թամամյանը։ Խոսելով հավաքվածների տրամադրությունների մասին՝ շարժմանը միացած բժիշկը նշել է, որ պահեր են լինում՝ ոգևորությունը շատ բարձր է լինում, սակայն հակառակն էլ է լինում։
«Կարևորն այն է, որ մենք հավատում ենք՝ ճիշտ գործ ենք անում, և ամեն ինչ ստացվելու է։ Երբ հաստաբուն ծառ է լինում և սկսում են ծառին կացինով խփել, կողքից կարող է թվալ, թե այդ ծառը երբեք չի ընկնելու, բայց համառ հարվածները վերջիվերջո տապալվելու է ծառը»,- ասել է Գևորգ Թամամյանը։
Բժիշկը խոսել է նաև ոստիկանների պահվածքից ու բաժանել իր տպավորությունը երկու մասի։
«Երկակի տպավորություն է լինում ինձ մոտ․ առաջինը՝ զայրույթն է, որ զգում եմ ոստիկանների արաքներից հետո։ Փաշինյանից ստանում են հրահանգ ու ուղղակի կատարում այն՝ չհետևելով օրենքին։ Օրինակ՝ երեկ իրավաբանները օրենքից մեջբերումներ կատարեցին, սակայն դրանք հաշվի չառնվեցին։
Երկրորդ տպավորությունն այն է, որ նրանք էլ զայրույթ են զգում՝ պատնեշի դերում հայտնվելով։ Այս ամենի դրամատիկն այն է, որ իր ամբողջ կյանքում Փաշինյանը գոռալով խոսում էր ոստիկանների, ոստիկանապետների հետ ու ասում, որ ոստիկանները առանձնացել են ժողովրդից։ Հիմա ավելի քան առանձնացված է ժողովուրդ- ոստիկանություն կապը»,- ասել է Թամամյանը։