24 Սեպ
2024
15.2° c ԵՐԵՎԱՆ
12.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արամ Ա-ն և Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում, զրույցը տևել է 30 րոպե

Արամ Ա-ն և Հռոմի պապը հանդիպել են Վատիկանում, զրույցը տևել է 30 րոպե

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հանդիպել են Վատիկանում. այս մասին հայտնում է Vatican News-ը։

Արամ Ա–ն Հռոմ է մեկնել Սուրբ աթոռում հավատարմագրված Լիբանանի դեսպանության և Քահանայապետական Արևելյան ինստիտուտի հրավերով` «Կրոնի դերը աշխարհաքաղաքականության մեջ» թեմայով դասախոսություն կարդալու: Ելույթ են ունեցել Սուրբ աթոռի Լիբանանի դեսպան Ֆրարիտ Ալ Խազեն, Հռոմի պապի ներկայացուցիչ կարդինալ Քուրդ Քոխը և այլ եկեղեցական ու ակադեմիական ասպարեզի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Դասախոսության ավարտից հետո ներկաները հարցեր են ուղղել Արամ Ա–ին Միջին Արևելքի կացության, միջեկեղեցական հարաբերությունների և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

Արամ Ա–ի և Ֆրանցիսկոս պապի հանդիպումը տևել է 30 րոպե, որի ժամանակ տեղի է ունեցել երկու եկեղեցապետների առանձնազրույցը։

Հռոմի պապի հետ հանդիպումից հետո ծրագրված է հանդիպում նաև Վատիկանի արտաքին գործերի նախարարի, միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահի և արևելյան կաթոլիկ եկեղեցիների բաժնի նախագահի հետ:

Արամ Ա կաթողիկոսին ուղեկցել են կաթողիկոսարանի Միջին Արևելքի միջեկեղեցական և քրիստոնեա–իսլամական հարաբերությունների բաժանմունքի վարիչ Սարգիս վարդապետ Աբրահամյանը, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի հայոց թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը։