Եթե ժողովուրդն ուզի կառավարության փոփոխություն, ժողովուրդը կիրականացնի․ Նիկոլ Փաշինյան
Ես տասնյակ անգամ ասել եմ, եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, ՀՀ ժողովուրդը կիրականացնի կառավարության փոփոխություն․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Խոսելով Բաղրամյան-Դեմիրճյան հատվածում ոստիկանական մեծաթիվ ուժերի կուտակման մասին՝ Փաշինյնանը նշել է, որ ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները։
«Ազգային ժողովի բնականոն գործունեությունը պետք է ապահովվի, պետք է ապահովվի նաև քաղաքացիների անվտանգությունը։ Դա իրենց գործառույթն է, որը պետք է իրականացնեն, այդ թվում՝ պետք է ապահովեն նաև խաղաղ հավաքի մասնակիցների կամ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,- ասել է նա։
Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև կառավարության հրաժարականի վերաբերյալ ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած ուղերձի նախագծին։
«Ընդդիմությունը ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել։ ԱԺ-ն ընդունե՞լ է ուղերձը։ Ինչքան ես հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ասացին՝ գլխադասային հանձնաժողովում քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել»,- ասել է նա, և հավելել, որ որևէ շփումից չի խուսափում, իսկ այդ պահին ԱԺ բակ է դուրս եկել պարզապես զբոսնելու։