Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը մոտ է ավարտին, սակայն ՀՀ-ն չի ընդունի Բաքվի պահանջները՝ փոխելու իր սահմանադրությունը։ Euractiv-ը գրել է, որ Փաշինյանի մեկնաբանություններից հետո Երևանում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են սկսվել։
Ցուցարարները դատապարտում են երկրի ղեկավարի քաղաքականությունը և պահանջում նրա հրաժարականը։ «Երևանից ստացված հաղորդումները և տեսանյութերը վկայում են, որ ոստիկանությունը խլացուցիչ նռնակներ է կիրառում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ», – գրել է պարբերականը։
Eurasianet-ն առձանագրել է, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ ցուցարարների և ուժայինների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվել են։ «Խորհրդարանի իշխող մեծամասնությունը բացառել է կառավարության իմփիչմենթը քննարկելու համար արտահերթ նիստ անցկացնելու հնարավորությունը:
Առանց բավարար աջակցության խորհրդարանում՝ ընդդիմության հաջողության շանսերը՝ կառավարության հեռացումը պարտադրելու հարցում, նվազում են», – կարծում է հոդվածագիրը: Հավելվել է նաև, որ չնայած Փաշինյանի պնդումներին, թե հայ-ադրբեջանական հաշտության համաձայնագիրը մոտ է, նա նաև խոստովանել է, որ մեկ կարևոր խոչընդոտ դեռ պետք է վերացվի. Ադրբեջանը կոչ է արել Հայաստանին վերափոխել իր Սահմանադրությունը, ինչը չի կարող բանակցությունների մաս լինել։
Euronews-ն անդրադարձել է Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարությանը։ Ինպես նշվել է, Փաշինյանի այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նա բախվում է բողոքի մեծ ալիքի։ Ակցիայի մասնակիցները պահանջում են նրա հրաժարականը՝ կապված Ադրբեջանին չորս սահմանամերձ գյուղերը հանձնելու որոշման հետ:
Startfor վերլուծական կենտրոնը գրել է, որ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ը վերջնականապես լքելու նրա կառավարության վաղեմի մտադրության դեռևս ամենաուղիղ հաստատումն է: Այնուամենայնիվ, Հայաստանը, դժվար թե, պաշտոնականացնի իր դուրս գալը, մինչև չնվազեցնի իր առևտրային կախվածությունը Ռուսաստանից և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամներից, չապահովի ավելի մեծ դիվանագիտական և ռազմական աջակցություն արևմտյան կառավարություններից և, որ ամենակարևորն է, չուրվագծի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքումը։ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կլքի կազմակերպությունը առաջիկա տարիներին, սակայն դեռևս բախվում է գործնական խոչընդոտների, այդ թվում՝ Գյումրիում ռուսական ռազմակայանի ապագայի հարցը: