24 Նոյ
2024
11.2° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ իշխանությունները փորձում են ջլատել ազգային բոլոր արժեքները․ Արա Պուլուզյան

ՀՀ իշխանությունները փորձում են ջլատել ազգային բոլոր արժեքները․ Արա Պուլուզյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մեկնարկելուն պես արցախցիներին թիրախավորումը նոր փուլ է տեղափոխվել․ ֆեյսբուքյան հայհոյանքներից մինչև ԱԺ ամբիոնից հայտարարություններ՝ «ցույցի մատերիալ, գործիք,  դասալիք»։ Ատելության խոսք է գեներացվում նաև սոցցանցերում։

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանն ABC media-ի հետ զրույցում անդրադարձել է այս ամենին ու խոսել արցախցիների նկատմամբ իշխանությունների գործունեության մասին։

«Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ամենաշատը տուժել են արցախցիները։ Նրանք կրել են մարդկային, նյութական կորուստներ, կորցրել իրենց բնակավայրերը։ Բնական է, որ մարդիկ արտահայտում են իրենց տեսակետը, թեկուզ հանրահավաքներով, անհնազանդության գործողություններով։ Արցախցիների՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակնառու մասնակցությունը պատճառ է դառնում իշխանականների ավելի մեծ ճնշմանը։ Նրանք թիրախավորված ճնշում են հանրային ճանաչում եւ հեղինակություն ունեցող մարդկանց»,- ասել է Արա Պուլուզյանը։

Անդրադառնալով մայիսից արցախցի պաշտոնյաների, համայնքի ղեկավարների ձերբակալության թեմային՝ Պուլուզյանը նշել է, որ հենց նրանց մեկուսացնելով՝ փորձում են կրճատել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը մասնակցողների թիվը։ Ժողովուրդը վստահելով իր ղեկավարներին, կանգնում է նրանց կողքին․ չկա ղեկավար, չկա նաև ցուցարար սկզբունքն են փորձում կիրառել։

«Բացի այդ՝ Արցախն ու արցախյան շարժումը ազգային ու գաղափարական այն առանցքն է եղել, որի շուրջ համահայակական համախմբում է ձեւավորվել։ Այժմ դա էլ է թիրախավորվում ապազգային իշխանության կողմից։  ՀՀ իշխանությունները փորձում են ջլատել ազգային բոլոր արժեքները՝ այն փոխարինելով անհատի բարօրությունը ապահովելու օրակարագով։ Դրա համար այսօր թիրախավորվում է նաև Սփյուռքը, Ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման գաղափարը»,- ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը։

Որքան էլ արցախցիները, Սփյուռքը հասկանան, որ օրվա իշխանության քայլերը ապազգային են և հատուկ նպատակադրմամբ են կատարվում, միևնույնն է, վիրավորվում են, հիասթափվում։ Ի՞նչ պետք է անեն նրանք, ինչպե՞ս պայքարեն, մեղմ ասած, ոչ հայամետ գործողություններին։ Պուլուզյանը համոզված է՝ այստեղ մեկը մյուսին աջակցելն է լուծումը։

«Պատերազմի ժամանակ զորքը ինչպե՞ս է ուժերը վերականգնում․ առաջնագծում կանգնածներին փոխարինելու կամ լրացնելու են գալիս նորերը։ Նկատի ունենալով, որ մինչ այժմ հարվածների թիրախում եղել են արցախցիները՝ ժամանակն է, որ արցախցիներին փոխարինելու կամ լրացնելու գան նոր ուժեր՝ հարվածները նաև իրենց վրա վերցնելով։ Հայրենիքը բոլորինս է և միայն թիրախավորված քաղաքացիները չէ, որ տարածքային կորուստներ են ունեցել և ունենում։ Պետք է ինքնակազմակերպվենք, մեր առողջ բջիջները իմի բերենք ու համախմբվելով խնդիրներին լուծում տանք»,- առաջարկել է Պուլուզյանը։

Իշխանականների հալածանքից անմասն չեն մնում դաշնակցականները։ Արդյոք կապ կա՞ արցախցիների և դաշնակցականների միաժամանակ թիրախավորելու մեջ։ Ինչու՞ զանգվածային ձերբակալությունների կիզակետում նրանք են։

«Դաշնացությունը տարիներ շարունակ արձանագրել է, որ «Արցախն ու ՀՅԴ բնական դաշնակիցներ են»։ Ազգային ազատագրական գաղափարներով օժտված կառույցը՝ Դաշնակցությունը, հենց այդ պատճառով է թիրախավորվում»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեկնարկից ի վեր կալանավորվել են Արցախի՝ Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի քաղաքապետերը, մի քանի ժամով ձերբակալվել է Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքի ղեկավարը։ Արցախցիներին գումարով շահագրգռելու և հավաքներին մասնակցելու մեղադրանքով ևս տարբեր քաղաքացիներ են կալանավորվել։

Արցախցիներին թիրախավորելու դեպքերին անդրադարձել են ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը և ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նույն մեղադրանքով 2 ամսով կալանավորվել է ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։