28 Սեպ
2024
23.2° c ԵՐԵՎԱՆ
18.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզ մոտ ոչ ոք`  ո՛չ կառավարությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը արածների համար պատասխան չի տալիս, դրա համար էլ այս վիճակում ենք. Եգոր Գլումով

Մեզ մոտ ոչ ոք`  ո՛չ կառավարությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը արածների համար պատասխան չի տալիս, դրա համար էլ այս վիճակում ենք. Եգոր Գլումով

ABC ինտերվյուի հյուրը հաղորդավար Եգոր Գլումովն է։ Նրա հետ խոսել ենք Հայաստանում տիրող վիճակի, վերջին զարգացումների, պատերազմի պատճառների մասին, որոնք հանգեցրին այս իրավիճակին։ Հաղորդավարի կարծիքով՝ ամենակարևորն այստեղ մարդկային գործոնն է, և միայն Հայրենիքին սրտացավորեն վերաբերվող քաղաքացի ունենալուց հետո կարող ենք երկրում լուրջ փոփոխություններ ակնկալել։ Հաղորդավարի հետ խոսել ենք նաև հայ և ռուս մշակութային գործիչների, և երկու երկրներում կատարվող իրադարձություններին նրանց արձագանքի մասին: Հաղորդավարը հարցազրույցներ է անցկացնում նաև ադրբեջանցի գործընկերների հետ և գտնում, որ այդ երկխոսությունը վաղ, թե ուշ պետք է սկսվի։

Պաշտոնական Բաքուն չի թաքցնում իր հավակնությունները Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ՝ անվանելով դրանք Արևմտյան Ադրբեջան։ Դուք համարժեք հակադիր պատասխան մեր կառավարությունից լսել ե՞ք։

-Ես մեր կառավարության հետ գործ չունեմ։ Ես համարժեք պատասխաններ ինքս իմ մեջ ունեմ։ Իրականում դժբախտաբար, կամ բարեբախտաբար, ոչ-ոք չգիտի, թե մեր կառավարությունն ինչ է բանակցում։ Դուք անձամբ դա լսե՞լ եք Ալիևի շուրթերից, թե դա այդպես է գրված և դուք ինչ-որ տեղ կարդացել եք։

Դա բազմիցս ասվել է, Ալիևի և պաշտոնական Բաքուն ներկայացնող բազմաթիվ այլ անձանց կողմից։

Դուք ադրբեջաներեն հասկանու՞մ եք։

Ես չեմ հասկանում, բայց հասկանում են շատերը և վստահ եմ, որ սխալ չեն թարգմանում։

-Եթե սուտը 1000 անգամ կրկնում ես, դա դառնում է ճշմարտություն։

Եթե Ադրբեջանից պաշտոնական մակարդակով անընդհատ հայտարարում են, որ Հայաստանի տարածքը Ադրբեջան է, և Հայաստանից որևէ պատասխան չի լինում միջազգային հանրության մոտ կասկած է առաջանում, որ Ալիևը  ճշմարտությունն է ասում։

-Չէ, բայց ինչպես չի պատասխանում։ Վերջերս ասացին, որ մեր սահմանադրության հարցը մեր երկրի ներքին հարցն է։ Ուղղակի մենք բոլորս պետք է հասկանանք, որ մենք այս պահին պարտվածի կարգավիճակում ենք և հաղթողը և գրում է նոր պատմություն և պայմաններ է թելադրում է։

-Իսկ ի՞նչ անել, հաշտվե՞լ պարտության հետ։

-Ադրբեջանը 1994 թ․ հաշտվե՞ց։

-Մարդու քաղաքական հայացքները Ձեզ համար կարևո՞ր են։

-Ես միշտ եղել եմ իշխանության դեմ։ Ես իմ էությամբ անարխիստ եմ, բայց ես հասկանում եմ, որ պարբերաբար այս երկրում ինչ-որ բաներ պետք է փոխվեն և պահանջում եմ, որ այդ փոփոխությունները լինեն։ Ես հստակ հասկանում եմ, որ մեր երկրի գլխավոր մարդիկ չպետք է լինեն մարդիկ, ում ես սիրում եմ։ Ես սիրում եմ իմ կնոջը, երեխաներին, ես չպետք է սիրեմ վարչապետին, նախագահին, պաշտպանության նախարարին, իրենց թող սիրեն իրենց հարազատները։ Իրենք պարտավոր են ծառայել այս ազգին, վերջիվերջո աշխատավարձ են ստանում մեր վճարած հարկերից։ Մենք էլ պարտավոր ենք պահանջել. որքան մենք պահանջենք, այնքան իրենք կծառայեն։ Իրենց ծառայությունը կախված է նաև մեր պահանջներից։ Երբ մենք ընդամենը խոսում  և ֆեյսբուքում հայհոյում ենք, ոչինչ չի փոխվի։ Պետք է հասկանանք, որ մեր երկրի հարցերը պետք է լուծենք միայն մենք։ Եթե մենք լինենք ուժեղ, հզոր, հարուստ, քաղաքակիրթ երկիր, կտեսնեք, թե որքան դաշնակիցներ կլինեն մեր կողքին, բայց եթե մենք ուզում ենք խաբենք, գողանանք ոչինչ չի ստացվի։ Սփյուռքը տարիներ շարունակ գումարներ էր ուղարկում Հայաստան, որ ճանապարհ կառուցեր, ու՞ր է, կառուցվեց այդ ճանապարհը։ Հիմա ամեն անգամ ասում ենք` Սփյուռքը մեզ չի օգնում․․․Մենք խաբում ենք, գողանում ենք և ուզում ենք, որ բոլորը մեզ սիրեն, ես չեմ սիրում, չեմ կարող սիրել։

-Եվ Հայաստանում, և Ռուսաստանում հեշտ ժամանակներ չեն․ հետևե՞լ եք ինչպիսին է ռուս մտավորականների արձագանքը իրենց խնդիրներին և մեր մտավորականների արձագանքը երկրում տիրող իրավիճակին։

-Ռուս մտավորականներից ով մնացել է, ասում են այն, ինչ Պուտինն է թելադրում, իսկ այստեղ ո՞վ է վախենում՝ ասում են այն, ինչ ուզում են։ Այստեղ խոսելու վախ կա՞: Ով ինչ ուզում, ասում է․ մարդիկ հայհոյում են իրար և ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս։ Ռուսաստանում ով համաձայն չէր, պատերազմի սկսվելուն պես լքեց երկիրը, ով մնացել է՝ նվագում է այն երաժշտությունը, որը պատվիրում են վերևից։ Իսկ մեզ մոտ միշտ են կարողացել ազատ խոսել, թե այն իշխանությունների ժամանակ, թե այս։ Այստեղ այլ հարց էլ կա․ միգուցե թքած ունեն մարդկանց ասածների վրա, կամ էլ չեն լսում՝ ասում են դե թող խոսեն, էլի։ Մեզ մոտ ամենաթողություն է։ Ոչ մեկ, ոչ մի բանի համար պատասխան չի տալիս, ո՛չ կառավարությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ մտավորականությունը, դրա համար էլ այս վիճակում ենք։

-Մեր զրույցից ես եզրակացնում եմ, որ Դուք ամեն դեպքում լավատես չեք, և մեր երկրի հեռանկարները Ձեզ համար այնքան էլ անամպ չեն։

-Ես մտածում եմ, եթե դու հիվանդ ես պետք է գնաս բժշկի և ախտորոշմանդ մասին իմանաս, որ սկսես բուժվել, բայց եթե դու հիվանդ ես ու չես գնում բժշկի, դու ուշ, թե շուտ կմահանաս։ Այ եթե գնաս բժշկի, կիմանաս` ինչ է քո հետ կատարվում և կսկսես բուժվել։

-Իսկ ովքե՞ր են Հայաստանի բժիշկները։

-Մենք ենք, բայց մենք պետք է հասկանանք, որ հիվանդ ենք, որ վերք ունենք, որը պետք է մշակել․․․Այդ վերքը սկզբում պետք է բացել, հիմա այդ վերքը շորերի տակ է, հիշողությունների տակ է, պատմության տակ է, հավատքի և անիմաստ խոսակցությունների տակ է, սուտ խոստումների տակ է, բամբասանքի և հայհոյանքի տակ է։ Պետք է բացենք, ճղենք վերքը, թարախը մաքրենք, մշակենք, չկարենք հանկարծ, որովհետև պատերազմի ժամանակ ստացած վերքը չեն կարում, որովհետև կարող է միջից արտադրություն լինի։ Դա մինիմում 100 տարվա փտած վերք է։

-Գիտեմ, որ շատերն են հարցրել, բայց չեմ կարող չհարցնել․ Մաքսիմ Շևչենկոյին ինչո՞ւ էիք կանչել։

-Որովհետև շատ կարևոր է լսել լռությունը այդ մարդու, կամ լսել նրա պատասխանները․․․ Բացի այդ զարմանալի է, որ մինչև իմ հրավիրելը ոչ մի հայկական լրատվամիջոց չի փորձել իր հետ զրուցել։ Մենք պետք է խոսենք այն մարդկանց հետ, որոնք այլ կարծիքի են, դա կարևոր է, որպեսզի հասկանանք` որտեղ ենք մենք, ինչի համար ենք մենք հիմա այստեղ, ով է այնտեղ աշխատում իրենց օգտին, ինչ կարող ենք մենք անել այսօր։ Պետք է խոսենք, որ հասկանանք` ինչն է դրդում իրենց այդպես խոսել, և ինչ տեղ ենք մենք զբաղեցնում իրենց աշխարհում։ Հասկանանք` իրո՞ք այդ մարդկանց գումարներ են տալիս Ալիևը և նրա հարազատները բարեկամները, թե՞ այդ մարդը հենց այդպես մտածում է։

Ես զրուցել եմ ոչ միայն Շևչենկոյի հետ, զրուցել եմ նաև ադրբեջանցի լրագրող Համիդ Համիդովի հետ․ ես էի, ինքը և Կիրիլ Կրիվոշեևը։ Այնտեղ էլ կան ինձ համար ապշեցուցիչ փաստեր։ Ես ընտերել էի համեմատաբար ադեկվատ մարդու, որ պատրաստ է զրույցի, և իր ֆեյբուքյան էջում չի գրում, որ հայերին պետք է մորթել, բայց արի ու տես, որ այդ ադեկտվատ, կարծես թե կրթված մարդը ասում է, որ Հայաստանը եղել է Ադրբեջան։ Ասում է` մենք չենք ուզում ձեր հողերը, բայց դա է ճշմարտությունը։ Ինքը համոզված է դրանում և մենք պետք է հասկանանք, որ կա  բազմամիլիոնանոց հասարակություն, որը տասնյակ տարիներ այդպես է դաստիարակվել։ Իրենք իրենց պատմության գրքերն ունեն, որը մեր պատմության գրքերի հետ կապ չունի։ Մենք այսօր խոսում ենք խաղաղության մասին, բայց շատ դժվար է պատկերացնել խաղաղություն այդ մարդկանց հետ, որովհետև իրենք այդպես են մտածում։ Ազդել իրենց վրա, սակայն, կարող ենք միայն զրուցելով։ Գիտեմ, որ շատ հայեր, ովքեր նայել են ինտերվյուն, համոզված են, որ բոլորն էլ ինձանից կրթված են, ինձանից խելացի են և ավելի լավ հարցեր կտային, կամ կպատասխանեին Շևչենկոյին, բայց ինձ համար կարևոր դա չէր, ես ուզում էի ցույց տալ, որ դա է իրենց մակարդակը և դրանք են իրենց գաղափարները։

Զրուցեց Լենա Գևորգյանը