Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն ազդեցություն կունենա տարածաշրջանում ԵՄ-ի աշխատանքի և ավելի լայն տարածաշրջանային համագործակցության վրա․ Տոյվո Կլաար
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում պատասխանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի վերաբերյալ հարցերին՝ խոսելով այն մասին, թե տարածաշրջանում խաղաղության հաստատումն ինչպես կազդի Եվրամիության հետ համագործակցության վրա։
Պաշտոնյայի խոսքով՝ ԵՄ-ը բարձր է գնահատում ՀՀ-ի և Ադրբեջանի առաջնորդների և այլ պաշտոնյաների շահագրգռվածությունը՝ Եվրամիությանը տեղյակ պահելու ինչպես տարածաշրջանում քաղաքական զարգացումների, այնպես էլ երկու երկրների միջև խաղաղությանն ուղղված գործընթացի զարգացման մասին։
«Մենք նաև կարծիքներ ենք փոխանակում այն մասին, թե ինչպես լավագույնս օգտագործել հնարավորությունները՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը, ինչը նշանակում է ԵՄ բարձր մակարդակի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Թեև միջազգային մասնակցությունը խաղաղության բանակցություններին վերջին ամիսներին ավելի սահմանափակ է եղել, քան նախորդ երկու տարիներին, մենք ուրախ ենք արձանագրել հայ-ադրբեջանական երկկողմ հանդիպումների ընթացքում գրանցված առաջընթացը», – նշել է Կլաարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը հսկայական ազդեցություն կունենա երկու երկրների և ողջ տարածաշրջանի վրա։ Սա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի, որտեղ ավտոմատ կերպով կմեծանան առևտրատնտեսական փոխգործակցության հնարավորությունները։
«Սա նաև ազդեցություն կունենա տարածաշրջանում ԵՄ-ի աշխատանքի վրա, քանի որ դա մեզ թույլ կտա ներգրավվել ավելի լայն տարածաշրջանային համագործակցության մեջ, որը ներառում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները», – հայտարարել է պաշտոնյան: