22 Սեպ
2024
17.1° c ԵՐԵՎԱՆ
7.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե ՌԴ-ն գազ չտա Հայաստանին, կդառնանք 90-ականների Հայաստանը. Աշոտ Հարությունյան

Եթե ՌԴ-ն գազ չտա Հայաստանին, կդառնանք 90-ականների Հայաստանը. Աշոտ Հարությունյան

Մենք այս պահին պետք է հասկանանք՝ ի՞նչ ունենք և ի՞նչ է սպասվում մեզ։ Ես ու ինձ նման բազմաթիվ քաղաքացիներ հասկանում են, որ տնտեսապես բավականին լավ վիճակում կլինեինք, եթե չունենայինք 44-օրյա պատերազմ, Արցախի կորուստ։ Հիմա մեր հիմնական խնդիրը ֆիզիկական անվտանգությունը ապահովելն է, որից էլ բխում է մեր տնտեսական կյանքի հաջողությունը։ Այսօր «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքակա՞ն, թե՞ տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասել է ՀՀ Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։

«Այդ երկու կառույցի հետևում նաև թաքնված են ռազմական բլոկներ։ Պետք է հասկանանք՝ այս ընթացքում ո՞վ ի՞նչ է մեզ տվել, տալիս և տալու, հետևություն անենք այդ վերլուծությունից ու հասկանանք՝ ի՞նչ է մեզ սպասվում համապատասխան ընտրությունից հետո»։

Խոսելով Հայաստանի պարենային անվտանգության մասին՝ Հարությունյանը հացահատիկի հարցում երկրի ինքնաբավությունը անվանեց ամոթալի։

«ՌԴ-ն հացահատիկը մեզ մատակարարում է այն գնով, ինչպես մենք Ախուրյանից կներկրեինք Երևան. այդքան մատչելի է։ Գազի ներկրմանը անդրադառնալով ասեմ, որ ստանում ենք արտոնագրված ձևով։ Եթե ՌԴ-ն գազ չտա Հայաստանին, կդառնանք 90-ականների Հայաստանը»,- ասել է նախկին նախարարը։

Դիմելով լսարանին՝ Հարությունյանը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին չի սպասում։

«Վրաստանի՝ ԵՄ անդամ դառնալու փորձերը մեզ պետք է դաս լինի։ ԵՄ անդամակցության ձգտումը սին ու խաբկանք է մեզ համար։ Դու ուզում ես մի հարսանիքի քավոր լինել, որին քեզ անգամ չեն հրավիրում»,- եզրափակել է Աշոտ Հարությունյանը։

Դիտարկում անելով Աշոտ Հարությունյանին՝ տնտեսագետ Միքայել Մելքումյանն ասել է, որ Հայաստանը ո՛չ ԵՄ-ի փաստաբանն է, ո՛չ էլ ԵԱՏՄ-ի։
«Մենք պետք է մեր շահերը առաջ տանենք»,- ասել է Մելքումյանը։