Թուրքիան և Ադրբեջանը ճանապարհների բացումը փորձում են Հայաստանի վրա բազմաթիվ անգամներ վաճառել. Հրանտ Միքայելյան
Ինքնախաբեբեություն է մտածել, թե Հայաստանի շրջափակված վիճակը պայմանավորված է արցախյան հակամարտությամբ. Apri Armenia ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Հայկական հետազոտական ինստիտուտի տնօրեն Հրանտ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կան ընդունված ռազմավարական նշանակության որոշումներ, և պատշաճ վերլուծության դեպքում Հայաստանում կգիտակցեին խնդրի ամբողջ խորությունը՝ հասկանալով, որ Հայաստանի պետականության լինելիությունն է դրված հարցականի տակ:
«Այսպիսով՝ Արցախի հանձնումով այս հարցը լուծում չունի և, հետևաբար, Արցախն այս պահի դրությամբ, ժամանակավոր ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վեերահսկողության տակ, սակայն, ճանապարհները Հայաստանի համար չեն բացում: Եթե, Ադրբեջանն ու Թուրքիան, ենթադրենք, ազնիվ էին, ու ասում էին, որ փակում են ճանապարհը հակամարտության պատճառով, ինչո՞ւ հիմա չեն բացում»,- ասել է Միքայելյանը:
Նրա խոսքով՝ Թուրքիան ու Ադրբեջանն ուզում են ճանապարհների բացումը Հայաստանի վրա վաճառել բազմաթիվ անգամներ:
«Մի անգամ, որ Հայաստանը զիջի Արցախը,մյուս անգամ՝ միջանցք տրամադրի, հետո կուզեն նաև այլ տարածքներ ու այդպես շարունակ: Այսինքն՝ այստեղ խոսքը պարզապես միակողմանի զիջումների մասին է: Արցախ տանող երկու ճանապարհ Հայաստանի կողմից փակ է, այսինքն՝ Հայաստանի ցանկացած տնտեսվարող չի կարող այդ ճանապարհից օգտվել բիզնես ծավալով, իսկ Հայաստանում, ցավոք սրտի, թերագնահատվել են Արցախի կորստով պայմանավորված տնտեսական կորուսները»,-ասել է Հրանտ Միքայելյանը:
Նրա խոսքով՝ երեք այլ ճանապարհ շահագործելուն՝ երկուսը Սյունիքում ու մեկը Տավուշում, Ադրբեջանն է խոչնդոտում, կամ շահագործվում են շատ մեծ վտանգով: Խոսքն այն ճանապարհների մասին է, որը կրկին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, ու դրա փոխարեն կան շրջանցիկները, օրինակ՝ Տաթև-Կապանը, որն ավելի թույլ է ու ավելի քիչ հնարավորություններ ունեցող է և անհամեմատելի է Գորիս-Կապան նախկին ճանապարհի հետ:
«Այսպիսով, մենք այստեղ ունենում ենք տնտեսական կորուստներ և նաև տարանցիկ երկիր լինելուց նույնպես զրկվում ենք: Այսինքն՝ այն իրավիճակի հետ համեմատած, ինչը մենք ունեցել ենք 2020 թվականին, այժմ շատ ավելի վատ տրանսպորտային իրավիճակում ենք գտնվում: Ցավոք սրտի, դա պատշաճ գիտակցում չգտավ, բայց դրա մասին վկայում են նաև թվերը: Նախ Խորհրդային տարիների ժամանակներից հետո Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը փոքրացավ 80%-ով, բայց նույնիսկ հինգ տարի առաջվա տվյալների հետ համեմատ, էլի մենք ունենք զգալի փոքրացում, որը պայամանավորված է հենց Արցախի կորստով և Հայաստանի առջև փակված ճանապարհներով»,-ասել է բանախոսը:
Նրա դիտարկմամբ՝ օրինակ՝ Իրանից բեռնափոխադրողներն այլևս չեն կարող նախկինի պես օգտվել Հայաստանի ճանապարհներից, իսկ Ադրբեջանին հենց դա էր պետք:
«Հարցն այն է, որ փորձում են Հայաստանն ամբողջությամբ շրջափակել և, այսպես կոչված Զանգեզուրի միջանցք կառուցելով, Ադրբեջանը հետագայում կապում է Թուրքիան Կասպից ծովի հետ, հետո Նախիջևանը, իսկ Թուրքիան ուզում է Նախիջևանից Կարս երկաթգիծը կառուցել: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ Հայաստանը արևելք-արևմուտքը կապող տարանցիկ գործոն է դառնալու, ապա սխալվում է, քանի որ եթե Նախիջևանից Կարս երկաթգիծը կառուցվի, այն կդառնա միջոց՝ Հայաստանն ամբողջությամբ սահմանափակելու. մեր արևմտյան սահմանով կառուցվող նոր երկաթգիծը կշրջանցի Հայաստանին»,-ընդգծել է բանախոսը:
Խոսելով խաղաղության խաչմերուկի մասին՝ Հրանտ Միքայելյանն ասել է, որ դա անիրատեսական է, քանի որ խաղաղության խաչմերուկի համար խաղաղություն է հարկավոր, իսկ դա Հայաստանից միակողմանի զիջմամբ չի հաստատվելու:
«Սա պետք է գիտակցել, քանի որ արդեն ռազմավարական խնդիր է և դրա պատշաճ գնահատականը պիտի տրվի ռազմավարական տեսանկյունից, այլ ոչ թե ցանկությունների: Ինչ վերաբերում է զուտ տնտեսական տեսանկյունին, ապա պետք է դիտարկել, թե ինչ աստիճանով է ընդհանրապես իրատեսական նման ծրագրերի իրականացումը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը որևէ սահման չի բացում, և նույնիսկ Ալիևը մի քանի ամիս առաջ հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում Հայաստանի համար որևէ սահման բացել»,- եզրափակել է բանախոսը: