24 Նոյ
2024
10.3° c ԵՐԵՎԱՆ
13.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարտունու քաղաքապետի զոհվելու լուրը հատուկ թաքցրել ենք, որ կռվող տղաները չկոտրվեն․ Մարտունու ավագանու անդամ

Մարտունու քաղաքապետի զոհվելու լուրը հատուկ թաքցրել ենք, որ կռվող տղաները չկոտրվեն․ Մարտունու ավագանու անդամ

Մենք սպասում էինք, որ պատերազմ է լինելու։ Գիտեինք, որ համար 1 հրաման կա և ամեն պահի պատրաստվում էինք։ Բնակիչներին ասում էինք՝ նկուղներում պետք է լինեն։ Եթե անկեղծ, սեպտեմբերի 19-ին առավոտյան էինք արկերի պայթունին սպասում, բայց երբ չեղավ, անցանք մեր գործին. «Ինքնապաշտպանություն Արցախում սեպտեմբեր 2023» թեմայով պանելային քննարկմանը ելույթի ժամանակ վերհիշել է Մարտունու ավագանու անդամ Արտակ Մկրտչյանը։ 

«Մայրս ուսուցչուհի էր, դպրոցից տուն եկավ, ես էլ ընդմիջման էի եկել։ Հաց էինք ուտում ու լսվեց առաջին պայթունը։ Մեր տանը հացը կիսատ թողեցինք, մորս տեղափոխեցի նկուղ ու շտապեցի դիրքեր։ Մինչ դիրքերից պատմելը ասեմ՝ նկուղներում երեխաները իրենց ծնողներից հեռու էին, վախից գոռում, լացում։ Չգիտեի՝ այդ պահին երեխաներին հանգստացնեի, թե դիրքեր շտապեի։ Ամեն դեպքում՝ խնդիրս դիրքերում լինելն էր»,- պատմել է Մկրտչյանը։

Ասում է՝ քաղաքում կային մարդիկ, որ վախենում էին կռվել, փախչում էին, բայց պատերազմողների շարքում 13 տարեկանից սկսած երեխաներ, կանայք ու տղամարդիկ կային։

«Դիրքերում էինք, որ Մարտունու քաղաքապետի զոհվելու լուրը լսեցինք։ Պատկերացնու՞մ եք՝ հատուկ թաքցրել ենք, որ կռվող տղաները չկոտրվեն, քաղաքացիները չշփոթվեն, այլ պայքարեն։ Պայքարեն, որովհետև հասկանում էիք, վերջն է»,- վերհիշել է նա։

2023 թվականի սեպտեմբերի 20-ի հրադադարից անգամ ժամեր հետո Մարտունու փողոցներում մարդ չէին գտնում, բոլորը նկուղներում էին։ Նրանք դուրս չէին գալիս՝ հաշվի առնելով 2020 թվականի հրադադարին հաջորդող ժամերը, երբ Մարտունի քաղաքը ավիրվեց ու բազմաթիվ զոհեր եղան։

«Քաղաքացիները շարունակեցին ժամեր շարունակ նկուղներում մնալ, բայց դուրս գալով տեսանք նորից ավերված քաղաքն ու սգի մեջ գտնվող քաղաքացիներին։ Մարդիկ Ազնավուրի մահից հետո շփոթված էին, չգիտեինք՝ ինչ անել»,-ասել է նա։

Արտակ Մկրտչյանի խոսքով՝ ամենացավոտ պահերը սեպտեմբերի 19-ից հետո Ազնավուրի զոհվելու ու Մոնթե Մելքոնյանի արձանը կոտրելու հետ են կապված։

«Արցախում այդ պահին ջարդեցինք նաև մեզ»,- ասել է Մկրտչյանը։