24 Նոյ
2024
11.3° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արհեստական բանականության ոլորտում մրցելու համար Հայաստանը պետք է կարողանա կրթել տաղանդների. FAST փոխնախագահ

Արհեստական բանականության ոլորտում մրցելու համար Հայաստանը պետք է կարողանա կրթել տաղանդների. FAST փոխնախագահ

Մենք «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն իրականացնում ենք նախորդ տարվանից, իսկ այսօր արդեն բավականին հետաքրքիր արդյունքներ ենք տեսնում, Apri Armenia ֆորումի ժամանակ ասել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) փոխնախագահ Սյուզաննա Շամախյանը:

Նրա խոսքով՝ երկու օր առաջ ամփոփել են ծրագրի արդյունքներն ու տեսել, որ երեխաների մոտիվացիան մաթեմատիկա ուսումնասիրելու ոլորտում կտրուկ աճել է:

«Դա մեզ համար մեծ նվաճում է, քանի որ մեզ համար կարևոր է, որ իրենք հասկանան՝ ինչքան կարևոր է բազային կրթությունը: Նաև տեսնում ենք, որ նախագծային ուսումնառությամբ շատ հետաքրքիր մտքեր ունեն երեխաները: Տասներորդ դասարանցիներ են, բայց արդեն մի քանի նախագիծ են ներկայացրել: Դրանցից մեկն առողջապահության ոլորտում է, մյուսը՝ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ հեղինակը 15 տարեկան երեխա է: Նրանք ինչ-որ լուծումներ են առաջարկում: Հիմա պատկերացրեք, որ մի քանի տարի իրենց գիտելիքների, մտքերի ու պրոյեկտների մեջ ավելի ներդրումներ անենք, ապա ինչ արդյունք կտա»,- ասաց Սյուզաննա Շամախյանը:

Նա նշում է՝ եթե Հայաստանն ուզում է մրցել այս ոլորտում, ապա անպայման պիտի ունենանք տաղանդների կրթություն:

«Մենք ամեն տարի պետք է ունենանք երաշխավորված x քանակով մարդ, որոնց կրթում ենք: Մենք նաև կարծում ենք, որ որպես երկիր կարող ենք մրցել ոչ թե
կատարողներ կրթելով, այլ ստեղծողներ կրթելով: Այսինքն՝ ստեղծողներին այնպիսի կրթություն տան վերապատրաստողները, որ իրենք այդ նոր բիզնեսների, նոր տեխնոլոգիաների, նոր լուծումների ստեղծողը լինեն: Կամ իրենք լինեն այն թոփ տաղանդները, որոնց ունենալու համար, մեծ ընկերությունները գան Հայաստան»,- ասել է Շամախյանը:

Նրա խոսքով՝ այսօր արդեն իսկ կան միջազգային խոշոր ու հեղինակավոր ընկերություններ, որոնց պատրաստ են ինչ-որ պահից գալ Հայաստան ու այստեղի մասնագետներով ստեղծել թիմ:

«Այդ ընկերություններն ասել են, որ այն օրվանից, երբ հստակ իմանան՝ Հայաստան տեղափոխվելուց հետո հստակ կունենան հազար հոգի հայ մասնագետ, տեղում պատրաստ են տեղափոխվել: Խոսքը շատ խոշոր ու մեծ միջազգային ընկերությունների մասին է»,- ասել է Սյուզաննա Շամախյանը:

 

Նրա խոսքով՝ հայ մասնագետներն այսօր չեն հերիքում նույնիսկ տեղական ընկերություններին: Այս պահին հաստիքների ու տաղանդի բաց կա:

 

«Դրա համար նպատակն այն է, որ որակ ստեղծենք: Մենք չենք կարող մրցել միլիոնանոց երկրների հետ, որտեղ քանակը շատ է, մենք պիտի որակի մեջ մրցենք: Այսինքն՝ ունենանք քիչ, բայց այնքան ուժեղ գործող ու մտածող մարդկանց, որ դրա համար մեծ ընկերությունները գան Հայաստան»,- ասել է Շամախյանը՝  հավելելով, որ տաղանդը եթե նույնիսկ ոչինչ չանի, ու ստատիկ մնա, նույնիսկ այդ դեպքում համարվում է շատ մեծ կապիտալ, որը մոնետիզացիայի մեծ պոտենցիալ ունի:

«Ասում են՝ կրթության վրա ծախսված մեկ դոլարը տասը դոլար է բերում տասը տարվա կտրվածքով, հետևաբար տաղանդն ինքն իրենով տնտեսական մեծ ազդեդություն ունի, որովհետև աշխատուժ է զարգացնում: Ինքը բոլոր բիզնեսների պրոդուկտիվությունը բարձրացնելու է, որովհետև կրթություն ստացած այդ երեխաները ոչ միայն AI-ի մեջ են լինելու, այլ գնալու են տարբեր ոլորտներ: Իրենք ավտոմատացելով ու խելացի լուծումներ գտնելով՝ տնտեսության արդյունավետությունն են բարձրացնելու: Դա նշանակում է, որ ավելի քիչ ռեսուրսով ավելի մեծ արդյունք են ստանալու: Ու մի կարևոր կետ՝ նոր բիզնեսներ են ստեղծվելու: Այսինքն՝ կրթությունը ոչ միայն Հայաստանին է ծառայելու, այլև ամբողջ աշխարհին: Դա ոչ միայն տեխնոլոգիայի միջոցով տեղական խնդիրներն է լուծելու այլև գլոբալ: Այդ մեծ ու խոշոր կառույցներն ուզելու են գալ Հայաստան՝ իրենց ներդրումն անելու համար»,-ասել է բանախոսը: