Հունիսի 12-ի դեպքերի առնչությամբ «Հայաքվեն» դիմել է Գլխավոր դատախազություն
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ պայմանավորված հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների գործողություններով։
«Հունիսի 12-ին, մեր տեսանկյունից, տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքի ընթացքը խաթարելու, անկարգության վերածելու և ճնշելու նպատակով»,-նշել է Նախաձեռնության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը։
Նա նշել է՝ հաղորդման մեջ դատախազությանը առաջարկվել ու պահանջվել է 3 հոդվածով քրեական վարույթ նախաձեռնել։
«Գործող իշխանության կողմից արդար վճիռ կայացնելու սպասում չկա։ Նրանք ձեռնտու որոշում են կայացնում յուրայինների և ընդդիմության նկատմամբ։ Սրբազան շարժման սկզբից ևս հաղորդում է ներկայացվել։ Դատախազությունը մեր ներկայացրած հաղորդումից հետո դեռ քրեական գործ չի հարուցել։ Նրանք դիմել են ԱԱԾ-ին՝ իբր համապատասխան տեղեկություն ստանալու, սակայն նշեմ, որ դա ոչ իրավաչափ գործողություն է»,- ասել է Ավետիք Չալաբյանը։
Նա նշել է, որ իրավական բոլոր հնարավոր ատյաններին դիմելու են՝ չնայած արդար մոտեցում չեն սպասում։ Դրանով գոնե հասարակությանը արթնացնելու, ծանոթացնելու գործընթաց կլինի՝ ընդգծել է Չալաբյանը։
Նա հույս է հայտնել՝ իշխանափոխությունից հետո պատասխանատու անձինք դատապարտվելու են։