21 Նոյ
2024
12.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշքիանը

Իրանի նախագահական ընտրություններում առաջատար է Մասուդ Փեզեշքիանը

Իրանի առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը, որ պատկանում է ռեֆորմիստների թևին, ըստ նախագահական ընտրության նախնական արդյունքի, առաջ է անցել պահպանողական Սաիդ Ջալիլիից 12 մլն ձայների հաշվարկից հետո։

Փեզեշքիանը ստացել է 5000354 քվե, Երկրի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին՝ 4875269 քվե։

Թեկնածուներից Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ստացել է  1 620 628 ձայն, իսկ Մոստաֆա Փուրմոհամմադին՝ 95172 ձայն։

Հաշվարկը շարունակվում է, իսկ ամբողջական արդյունքները պարզ կլինեն այսօր՝ օրվա երկրորդ կեսին։

Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հակառակ դեպքում հուլիսի 5-ին կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլում քվեարկության ժամանակ ամենից շատ ձայներ ստացած 2 թեկնածուները:

Հիշեցնենք, որ Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները կայացել են երեկ՝ հունիսի 28-ին։ Ընտրատեղամասերը բացվել են ժամը 08։00-ին, իսկ քվեարկությունը շարունակվել է մինչև 00։00-ն։

Արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ 2021 թվականին ընտրված նախագահ Էբրահիմ Ռաիսին մահացել է 2024 թվականի մայիսին ուղղաթիռի վթարից։

Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է տասներկու իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 4 թեկնածու` Մասուդ Պեզեշկիանը, Մուստաֆա Փուրմոհամմադին, Սաիդ Ջալիլին և Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը: Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար: