ԱՄՆ Պետդեպարտամենտը պատասխանել է Վրաստանում իշխանափոխության ծրագրի բացահայտման վերաբերյալ ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է ՌԴ արտաքին հետախուզության հաղորդագրությունն այն մասին, որ Վաշինգտոնը Վրաստանում իշխանափոխություն է ձգտելու հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջոցով․ տեղեկացնում է EurAsia Daily-ն։
«Սա կատարյալ սուտ է։ Կարծում եմ՝ բավականին պարզ է, որ սա կատարյալ սուտ է»,- ասել է Միլլերը։
Նրա խոսքով, «զարմանալի և հեգնական է, երբ նման մեղադրանքներ են հնչում մի երկրի կողմից, որն այժմ օկուպացնում է Վրաստանի տարածքի 20 տոկոսը»։
Խոսելով Վրաստանում տիրող իրավիճակի նկատմամբ ԱՄՆ ներկայիս վերաբերմունքի մասին՝ Միլլերն ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է և դեմ է «քաղաքական այլախոհության ճնշմանը», ինչի համար կարող է օգտագործվել օտարերկրյա գործակալների մասին Վաստանում ընդունված օրենքը։
«Սա Վրաստանի իշխանությունների տագնապալի պահվածքի օրինակ է, որը մենք կոչ ենք անում փոխել: Մենք հստակ հասկացրել ենք, որ երբ խոսքը վերաբերում է Վրաստանի հետ մեր հարաբերություններին, ժողովրդավարության հետընթացը հետևանքներ կունենա»,- ասել է Միլլերը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի կողմից Թբիլիսիի հետ համագործակցության մի շարք ծրագրերի կասեցումը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է Վրաստանում իշխանափոխության հասնելու ԱՄՆ-ի ցանկության մասին։