
Հաքան Ֆիդանը չի բացառել Թուրքիայի և ՀՀ-ի սահմանի բացումը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո
Թուրքիան կարող է բացել սահմանը հարևան Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եթե այն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարն, այն է՝ կարող ենք բացել մեր դարպասները սահմանին»,- նշել է թուրք նախարարը։
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։