Մի քանի ամսվա ընթացքում Երևանը հասավ նրան, որ ռուս սահմանապահները դուրս բերվեցին Ադրբեջանի հետ սահմանից, այնուհետև մայրաքաղաքի օդանավակայանից, գրել է Deutsche Welle-ն։ Ինչպես նշվել է, Ռուսաստանի Դաշնության սահմանապահ ծառայության աշխատակիցները, ովքեր 32 տարի հսկողություն են իրականացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի անցակետում, պաշտոնապես լքել են այն և իրենց լիազորությունները փոխանցել Հայաստանի իշխանություններին։ Այս քայլը, հայ-ռուսական հարաբերություններում աճող լարվածության ֆոնին, շատերի կողմից ընկալվել է որպես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության կրճատման վկայություն, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը դեռևս ունի ռազմաբազա և պահպանում է Հայաստանի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ: Զուգահեռաբար, Երևանն ակտիվորեն խորացնում է հարաբերությունները Արևմուտքի հետ, ընդհուպ մինչև ԱՄՆ-ի հետ զորավարժություններ անցկացնելը և ԵՄ-ից պաշտպանական աջակցություն ստանալը, ինչը ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն անվանում են երկրի արտաքին քաղաքական վեկտորը Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշելու փորձ։ Գործակալության հետ զրուցած փորձագետները չեն բացառել Հայաստանում ռուսական ռազմական ներկայության հետագա կրճատման հնարավորությունը՝ պայմանավորված Երևանի և Մոսկվայի հարաբերությունների կտրուկ վատթարացմամբ։
Իր հերթին, ռազմական լրագրող Ալեքսանդր Սլադկովն իր Telegram-ի ալիքում շնորհավորել է բրիտանական հետախուզությանը «Հայաստանի վրա ազդեցություն ձեռք բերելու գործում» հաջողության հասնելու համար։ Միևնույն ժամանակ նա կարեկցանք է հայտնել հայ ժողովրդին՝ զգուշացնելով, որ «շեղումը դեպի անգլոսաքսոններ» սպառնում է «պատերազմով, ավերածություններով և մահով»։ «Իսկ ահա 102-րդ բազան ոչ մի դեպքում չի կարելի հանել Հայաստանից։ Եթե մենք Գերմանիայում պահպանեինք գոնե մեկ մեծ ռազմաբազա, Ուկրաինայում ոչ մի պատերազմի հետք չէր էլ լինի», – կարծում է լրագրողը։
ԱՄՆ-ն չի ցանկանում Հայաստանին տեսնել որպես բարգավաճող երկիր, վստահ է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ցեկովը։ Վաշինգտոնը, նրա խոսքով, փորձում է պետությանը կախման մեջ դնել Արևմուտքից։ Դրա համար ԱՄՆ-ն փորձում է փչացնել Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլևը համարում է, որ այսօր Հայաստանում ակտիվորեն զարգանում է «ուկրաինական սցենարը», ։ Նա վստահ է, որ Արևմուտքը հանրապետությունում աշխատում է նույն մեթոդաբանությամբ, որը կիրառվել է Վրաստանում և Ուկրաինայում։