16 Նոյ
2024
9.1° c ԵՐԵՎԱՆ
10.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող․ ձերբակալվել է 10 անձ

Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող․ ձերբակալվել է 10 անձ

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանին ծեծի
ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ․ կա 10 ձերբակալված։ Այս մասին
հայտնում է ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր
վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում է քննություն՝ հոկտեմբերի 20-ին Երևանում
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ
տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության
հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևան քաղաքում Արցախի Հանրապետության
ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ
անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի
ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի
անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության
Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն նախաձեռնվել
է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։ Մեկ անձ՝ Կարեն Շահրամանյանը, ճանաչվել
է տուժող։ Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել են
Ոստիկանության բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Որոշում է կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն
ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով, թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։ Նախաքննությունը
շարունակվում է։