ԱՄՆ-ն և նրա արբանյակները Եվրոպայում, առանց խղճի խայթի, միջամտում են Հարավային Կովկասում ինքնիշխան պետությունների ներքին գործերին.Զախարովա
Արևմուտքը Հարավային Կովկասում կործանարար օրակարգ է քարոզում, որի նպատակն է մասնատել տարածաշրջանը և քանդել պատմական կապերը Մոսկվայի հետ, РИА Новости-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Մեկնաբանելով Օ՛Բրայենի խոսքերը՝ Զախարովան նշել է, որ «անշուշտ, արտաքին քաղաքականության համար պատասխանատու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների նման «անկեղծ խոստովանությունները» գրավել են մեր ուշադրությունը։ Սակայն դրանք զարմանք չեն առաջացրել»,- հավելել է նա։
Զախարովայի խոսքով՝ ամերիկացի պաշտոնյան «միայն հաստատել է այն, ինչի մասին մենք պարբերաբար խոսում և զգուշացնում ենք մեր գործընկերներին, այդ թվում՝ Երևանին: Արևմուտքն ավերիչ օրակարգ է քարոզում Հարավային Կովկասում, որի հիմնական նպատակը մեկն է. մասնատել տարածաշրջանի տարածքը՝ ոչնչացնելով պատմական Ռուսաստանի կապերն իր ավանդական դաշնակիցների ու հարևանների հետ»։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են, և դարերի ընթացքում ձևավորված Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անխոնջորեն ենթարկում է Արևմուտքը:
Հարավային Կովկասում ԱՄՆ-ն ձգտում է վերահսկել ռեսուրսների բազան, օգտագործել տարանցիկ ներուժը, նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան հավելել է, որ «փորձելով պոկել Հարավային Կովկասի հանրապետությունները, ներառյալ Հայաստանը, Ռուսաստանից, ԱՄՆ-ն և նրա արբանյակները Եվրոպայում, առանց խղճի խայթի, միջամտում են ինքնիշխան պետությունների ներքին գործերին:
«Լավ պատրվակների տակ նրանք փորձում են տիրանալ պետական համակարգին, կենտրոնացնել վերահսկողությունը ռեսուրսների բազայի վրա և օգտագործել տարանցիկ ներուժը», – ընդգծել է նա: