Ռուսաստանն ու Ադրբեջանը ամրապնդում են տնտեսական համագործակցությունը
Բաքվում կայացած Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 22-րդ նիստում քննարկվել են երկկողմ փոխգործակցության առանցքային ասպեկտները։
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ամփոփել են տարբեր ոլորտներում համագործակցության արդյունքները, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի, գյուղատնտեսության և մշակույթի։
«Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների քաղաքական կամքի և վստահության հարաբերությունների շնորհիվ միջպետական կապերն այսօր աստիճանաբար ամրապնդվում են ռազմավարական գործընկերության և փոխշահավետ համագործակցության ոգով»,- նշվել է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը շարունակում է մնալ Ադրբեջանի առաջատար տնտեսական գործընկերներից մեկը՝ զբաղեցնելով երրորդ տեղը հանրապետության արտաքին առևտրում։ Վերջին մեկ տարվա ընթացքում փոխադարձ առևտրի զգալի աճ է գրանցվել, այդ թվում՝ ազգային արժույթով վճարումների աճի հաշվին։ Ակտիվորեն զարգանում է ներդրումային համագործակցությունը: Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանի տնտեսության խոշորագույն ներդրողներից մեկը։