
Դատապարտում ենք ուկրաինական ահաբեկչական գործողությունները, ՌԴ ԶՈՒ-ի կոշտ պատասխանը չի ուշանա․Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի հարվածները ՌԴ մարզերի ուղղությամբ․
«Կիևի ռեժիմը շարունակում է ահաբեկել Ռուսաստանի խաղաղ բնակչությանը։ Շատ լավ հասկանում են, որ այդ բարբարոսական գործողությունները ռազմական տեսանկյունից ոչ մի իմաստ չունեն, բայց շարունակում են մշակել իրենց տերերի տված առաջադրանքները։
Օգոստոսի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարված են հասցրել Կուրսկի ուղղությամբ․ արձակվել են մարտավարական հրթիռներ։
Ուկրաինական հրթիռների մեծ մասը խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։ Սակայն նրանցից մեկը խոցել է բազմահարկ շենքը։ Տուժել է 13 խաղաղ քաղաքացի, երկուսի վիճակը ծանր է։
Անցած օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով լայնածավալ գրոհ են իրականացրել նաև Ռուսաստանի մի շարք շրջաններում, մասնավորապես Բելգորոդի և Վորոնեժի շրջաններում: Կրկին հարվածի տակ է հայտնվել Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը։
Տուժել է 5 բնակիչ։
Դոնեցկում անցած գիշեր Ուկրաինական հարձակումներից զոհվել է մեկ խաղաղ բնակիչ, վիրավորվել է 16 մարդ: Ընդհանուր առմամբ, հաղորդվում է Ռուսաստանի չորս շրջանների վրա 21 ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին: Ակնհայտ է, որ ուկրաինական այս հրթիռակոծություններն ու անօդաչուների հարձակումները ռուսական շրջանների ուղղությամբ կրում են ահաբեկչական բնույթ։
Խստորեն դատապարտում ենք այս բարբարոսական ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը, խաղաղ բնակիչների սպանությանն ու ահաբեկմանը:
Կասկած չկա, որ այդ հանցագործությունների կազմակերպիչներն ու կատարողները, ներառյալ նրանց արտասահմանյան կուրատորները, պատասխանատվություն կկրեն դրանց համար։ ՌԴ ԶՈՒ-ի կոշտ պատասխանը չի ուշանա. հերթական անգամ կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին հանդես գալ ուկրաինացի զինյալների ահաբեկչական հարձակումները դատապարտող հայտարարությամբ:
Թեև վստահ ենք, որ պատասխանը լինելու է ամոթխած լռությունը»։